Site icon CIVILNET

ԱՄՆ-ի ազդեցությունն աշխարհում անկում է ապրում՝ ըստ ամերիկացիների

Վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ հարցված ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ-ի ազդեցությունն աշխարհում անկում է ապրում։ Այս մասին են վկայում ամերիկյան Pew Research Center հետազոտական կենտրոնի իրականացրած հարցման արդյունքները։

Համաձայն հարցման՝ ամերիկացիների 70%-ը կարծում է, որ ԱՄՆ-ին աշխարհում այսօր վերաբերվում են նվազ հարգանքով, քան նախկինում, գրեթե այնպես, ինչպես Բուշ կրտսերի օրոք։

Հարցվածների ավելի քան կեսը՝ 52%-ը, վերջին կես դարում առաջին անգամ ասել է, որ ԱՄՆ-ին նախևառաջ «հարկ է զբաղվել սեփական գործերով»։

Հարցվածների 56%-ը հավանություն չի տալիս նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությանը։

Հարցվածների 53%-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նվազ կարևոր դեր է խաղում և այնչափ ազդեցիկ չէ աշխարհում, քան 10 տարի առաջ։ Վերջին անգամ ամերիկացիները նույն կերպ կարծել են 1974թ․։

10 տարի առաջ այսպիսի տեսակետին համակարծիք է եղել հարցվածների ընդամենը 20%-ը։

Ընդ որում՝ հարցվածների միայն 17%-ն է այսօր կարծում, որ ԱՄՆ-ը սկսել է ավելի նկատելի դեր խաղալ միջազգային ասպարեզում։

Նրանց շարքում, ովքեր կարծում են, որ ԱՄՆ-ը կորցրել է ազդեցությունը, հիմնականում հանրապետականների տեսակետների աջակիցներն են։ Սակայն այսպես են կարծում նաև նրանք, ովքեր իրենց համարում են անկախ․ նրանք կազմում են 55%, ինչը 23%-ով ավելի է՝ համեմատ 2004-ի։

Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիներն ընդհանուր առմամբ կողմ են ավելի նվազ ակտիվ արտաքին քաղաքականությանը։ Հարցվածների 51%-ը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը չափից ավելին է անում»՝ համաշխարհային խնդիրները լուծելու համար։

Հանրապետականների 53%-ը, դեմոկրատների 46%-ը և 55% անկախ հարցվածներ համաձայնել են, որ ԱՄՆ-ին «հարկ է զբաղվել իր գործերով»։

Սակայն հարցման արդյունքները հիմք չեն տալիս ենթադրելու, որ ամերիկացիների շրջանում գերիշխում են մեկուսիչ տրամադրությունները։ Նրանք աջակցում են իրենց երկրի ավելի ակտիվ մասնակցությանը համաշխարհային տնտեսությանը։

Հարցվածների 77%-ը հայտարարել է, որ աճող առևտուրն ու տնտեսական ամրապնդվող կապերն օգտակար են ԱՄՆ-ի համար։

Ընդ որում՝ շատ հարցվածներ սխալմամբ կարծում են, որ աշխարհի ամենահզոր տնտեսությունը Չինաստանն է․ այս կածիքին է հարցվածների 48%-ը։

Հարցվածների միայն 34%-ն է հավանություն տալիս Օբամայի արտաքին քաղաքականությանը։ Այն, թե ներկա վարչակազմն ինչպես է փորձում լուծել ճգնաժամերը Սիրիայում, Իրաքում, Չինաստանում և Աֆղանստանում, փաստացի խանդավառություն չի առաջացնում։

Միակ հարցը, որում ամերիկացիներն աջակցում են իրենց նախագահին, ահաբեկչության դեմ պայքարն է (հարցվածների 51%-ը)։

Ընդ որում՝ որպես գլխավոր սպառնալիք նշվել է կիբերհանցագործությունը։

Հարցումն իրականացվել է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը, դրան մասնակցել է մոտ 2300 մարդ։

Exit mobile version