Site icon CIVILNET

Ինչու է քննադատում Քոչարյանը

2013-ի տարեվերջին սկսված Ռոբերտ Քոչարյան – Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը դառնում է ներքաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը: Այս ֆոնին ստվերվում են հասարակական-քաղաքական այն գործընթացները, որոնք կային մինչև այս երկու գործիչների հրապարակային հակամարտությունը:

Գործող վարչապետի և երկրորդ նախագահի հարաճուն հրապարակային հակամարտությունը քաղաքական դաշտում վերաձևումների հանգեցնելու ներուժ ունի: Էական վերադասավորումներ կարող են լինել այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը հստակեցնի իր քաղաքական նպատակներն ու խնդիրները:

Եթե երկրորդ նախագահը կողքից դիտորդի դերում, անհանգստանալով երկրի ապագայի համար խորհրդատվության կարգով քննադատում է գործող իշխանություններին, սա բոլորովին այլ խնդիր է: Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը նրա քննադատությունը կարող են ի գիտություն ընդունել կամ չընդունել, հաշվի առնել կամ չառնել: Այսինքն, երկրորդ նախագահի քննադատությունները քաղաքական իրավիճակի վրա լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ: Ավելին, այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը հավակնում է վերածվել, ինչպես ինքն էր Լևոն Տեր-Պետրոսյանի համար ասում, շարքային քաղաքական գործչի կամ շարքային քննադատողի:

Հայաստանում իշխանական և քաղաքական յուրահատուկ կարծրատիպերը հաշվի առնելով՝ շատերի համար առնվազն ընկալելի չէ, որ Ռոբերտ Քոչարյանի նման կշիռ ունեցող գործիչը բանավեճի, համարյա լեզվակռվի մեջ մտնի Տիգրան Սարգսյանի հետ, որն ըստ էության թույլ, քաղաքական հենարանից զուրկ և կամակատար գործիչ է: Սրանով Քոչարյանը հեղինակության կորուստ կարող է ունենալ: Գործող իշխանություններն իրենց հերթին բոլորովին դեմ չեն, որ հենց այդպիսի ընկալում ձևավորվի: Պատահական չէ, որ Քոչարյանին հակահարված տալու համար մարտի են նետել հիմնականում երիտհանրապետականներին ու մամուլի խոսնակներին:

Այլ խնդիր է, եթե Ռոբերտ Քոչարյանը քննադատությունների շարքը սկսել է ոչ թե որպես զուտ քննադատություն, այլ մեծ քաղաքականություն վերադառնալու հստակ մշակված քայլերի մարտավարություն: Եթե սա է նպատակը, ապա պետք է սպասել, որ նա ամբողջացնի գործող իշխանությունների նկատմամբ իր քննադատությունը՝ հաջորդ անգամ շեշտը դնելով արտաքին քաղաքականության բացթողումների և ձախողումների վրա:

Սերժ Սարգսյանի տնտեսական ձախողումների հետ կարող են մրցել նաև նրա արտաքին-քաղաքական ձախողումները:

Exit mobile version