Site icon CIVILNET

Դիվերսիոն խմբի չեզոքացման հետևանքով զոհվել է հայ սպա և վիրավորվել մեկ կին

Հուլիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի պետական սահմանահատվածում`Քարվաճառի տարածքում, հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մեկ կին:

Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված է եղել 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՍիվիլՆեթի հետ զրույցում պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զոհվածը մայոր Սարգիս Աբրահամյանն է:

«Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի: Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա»,- ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Վերջին շրջանում շփման գծում հաճախակիացել են հակառակորդի կողմից հնչող կրակոցներն ու դիվերսիոն հարձակման փորձերը:

Հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դիպուկահարի կրակոցից զոհվել էր զինծառայող 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:

Հուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում կասեցվել էր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր դիվերսիոն խմբի և նրա գործողությունների մասին վկայող մի շարք լուսանկարներ: Հրապարակվել էր նաև ադրբեջանցի գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարը:

Exit mobile version