Site icon CIVILNET

Մինսկի խումբն անհանգստացած է քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանություններով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության, բռնությունների սրացման, այդ թվում` քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանությունների վերաբերյալ: Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:

Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել կողմերին՝ մարդկային զոհերից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ նպատակաուղղված հարձակումներից գյուղերի և քաղաքացիական անձանց վրա:

Համանախագահները կոչ են արել երկու երկրների արտգործնախարարներին մեղմել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին: Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկվել է նաև երկու երկրների նախագահների մակարդակով հնարավոր հադիպման օրակարգային հարցեր` ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումների կարևորությունը խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար: Քննարկվել է նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպումներ կազմակերպելու հնարավորությունը:

«Համանախագահները շարունակում են դիտարկել անվտանգության շուրջ վստահության ամրապնդման միջոցները և ժողովուրդների միջև շփման ծրագրերը: Նրանք կարծում են, որ նման ծրագրերը նպաստում են վստահության հաստատմանը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության համար»,- նշվում է հաղորդագրությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հուլիսի 22-ին Բրյուսելում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Exit mobile version