Թուրքիայի բնակչությունը մոտ 77 միլիոն է, ընտրության իրավունք ունի մոտ 53 միլիոն քաղաքացի: Թուրքիայի նորընտիր նախագահը, ի տարբերություն գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի, կկառավարի ոչ թե յոթ, այլ հինգ տարի:
Թեկնածուները երեքն են՝ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և Սելահեդդին Դեմիրթաշը:
Էրդողանը, որն արդեն 11 տարի է՝ որպես վարչապետ կառավարում է երկիրը, հիմնվում է իսլամական հատվածի, իսլամական ավանդույթներով ապրող քաղաքացիների ձայների վրա: Բացի այդ` Թուրքիայում գոյություն ունի մի ստվար զանգված, որը թեև չի համակրում Էրդողանին, հիացած չէ նրա գաղափարներով ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությամբ, այնուհանդերձ, երկրի կայունությամբ պայմանավորված՝ իր ձայնը պատրաստ է տալ Թուրքիայի երկարամյա վարչապետին:
Թուրքիայում մեծ անակնկալ համարվեց այն, որ Մուստաֆա Քեմալի կողմից հիմնադրված Ժողովրդահանրապետական կուսակցությունն ու «Ազգայնական շարժում» կուսակցությունը առաջադրեցին Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությունը: Իհսանօղլուն, որը երկար տարիներ «Իսլամական համագործակցության կազմակերպության» գլխավոր քարտուղարն էր, երբեք լուրջ դերակատարում չի ունեցել Թուրքիայի քաղաքական կյանքում: Նրա առաջադրումով քեմալականներն ու ազգայնականները նպատակ ունեն իրենց կողմը գրավել Էրդողանի մենաշնորհը դարձած իսլամական հատվածի ձայները, քանի որ թե՛ ազգայնականները և թե՛ հատկապես քեմալականները թուրքական ավանդական ընկալման մեջ համարվում են իսլամի հակառակորդներ ու նույնիսկ հալածողներ: Թեև Էրդողանը Իհսանօղլուի հասցեին քամահրանքով հայտարարեց, թե ինչպես կարող է ընդամենը մի քանի ամիս քաղաքականության մեջ ներգրավված մարդը հավակնել նախագահի պաշտոնին, սակայն այս ընտրություններում հենց նա է Էրդողանի հիմնական մրցակիցը:
Նախագահի մյուս թեկնածուն` Սելահաթթին Դեմիրթաշը, հավակնում է ստանալ քուրդ քաղաքացիների, ինչպես նաև Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ պոլսահայ համայնքի քաղաքականապես ակտիվ հատվածի ձայները: Նա հանդես է գալիս խաղաղություն հաստատելու և հանդուրժողականության կոչերով, որով կարող է իր կողմը գրավել թուրքական հասարակության առավել լիբերալ հատվածի ձայները, նրանց ձայները, ովքեր չեն սիրում ո՛չ իսլամականներին, ո՛չ քեմալականներին և ո՛չ էլ ազգայնականներին:
Էրդողանը վստահ է, որ հենց առաջին փուլում դառնալու է նախագահ և նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին նախապատրաստում էր իր հաղթանակին:
Սոցհարցումները վկայում են, որ Էրդողանը Չանքայա նախագահական պալատ ուղևորվելու ամենամեծ հնարավորությունն ունի: Էրդողանի ավտորիտար հակումները, որոնք վերջին տարիներին առավել ցայտուն են դարձել, էական նշանակություն չեն ունենում թուրքական հասարակության ու հատկապես նրա պահպանողական հատվածի ընտրության վրա:
Իր դիրքերն ամրապնդելուց զատ՝ Էրդողանի համար նախագահ ընտրվելն ունի նաև խորհրդանշական կարևորություն. նա ցանկանում է դառնալ Թուրքիայի առաջին ընտրված նախագահը: Ընտրվելու դեպքում Էրդողանի հավակնություններն ավելի կմեծանան և նա կդառնա ավելի անվերահսկելի ու անկանխատեսելի: Այդ պարզ պատճառով էլ թե՛ Թուրքիայիում և թե՛ Արևմուտքում անհանգստություն ու մտավախություն կա: Չնայած դրան ու նաև գյուլենականների հետ հակամարտությանը՝ Էրդողանը հստակ քայլերով շարժվում է իր համար մտասևեռում դարձած 2023թ.՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակը:
Ստորև ներկայացված է Թուրքիայի նախագահների ցուցակն ըստ հաջորդականության (կարճատև կառավարած նախագահները բացակայում են ցանկից).
Մուստաֆա Քեմալ- 1923-1938
Իսմեթ Ինոնյու- 1938-1950
Ջելալ Բայար – 1950-1960
Ջեմալ Գյուրսել- 1961- 1966
Ջևդեթ Սունայ- 1966-1973
Ֆահրի Քորություրք- 1973-1980
Քենան Էվրեն- 1982-1989
Թուրգութ Օզալ-1989-1993
Սուլեյման Դեմիրել-1993-2000
Ահմեդ Նեջդեթ Սեզեր-2000-2007
Աբդուլլահ Գյուլ-2007-2014
Գոռ Երանյան