Site icon CIVILNET

Խոդորկովսկին պատրաստ է դառնալ Ռուսաստանի նախագահ

ՅՈՒԿՕՍ սնանկացած նավթագազային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խորդորկովսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ դառնալու պատրաստակամության մասին, «եթե դա պահանջվի ճգնաժամը հաղթահարելու համար»։ Այս մասին նա ասել է Le Monde պարբերականի հետ զրույցում սեպտեմբերի 20-ին։ Նախկինում Խոդորկովսկին միշտ ընդգծում էր, որ ինքը քաղաքական նկրտումներ չունի։

ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերն ասել է, որ Ռուսաստանը սահմանադրական բարեփոխման կարիք ունի, «որտեղ գլխավորը նախագահի իշխանության վերաբաշխումն է՝ հօգուտ դատարանի, խորհրդարանի և քաղաքացիական հանրության»։

«Նախագահի պաշտոնն ինձ չէր հետաքրքրի, եթե Ռուսաստանը զարգանար նորմալ,- նշել է նա։ – Սակայն ես պատրաստ եմ դառնալ նախագահ, եթե դա պահանջվի ճգնաժամը հաղթահարելու և սահմանադրական բարեփոխում իրականացնելու համար»։

Նույն օրը՝ սեպտեմբերի 20-ին, Խոդորկովսկիի «Բաց Ռուսաստան» վերաբացված շարժումն իրականացրել է իր կողմնակիցների առաջին ֆորումը ինտերնետում։ Շարժման նպատակն է միավորել եվրոպամետ ռուսաստանցիներին՝ Վլադիմիր Պուտինի իշխանությանը մարտահրավեր նետելու համար։ Հարցին, թե իր կարծիքով՝ ինչպես կարձագանքի այս նախագծին Ռուսաստանի նախագահը, Խոդորկովսկին պատասխանել է․ «Կարծում եմ՝ կտխրի»։

Exit mobile version