Site icon CIVILNET

Սովորեք ծերանալ 

gorik hakobyan (2)ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին անհրաժեշտ է արժանապատիվ ծերություն: Այսօր նա աշխատում է այդ ուղղությամբ: Այդ ծերությունը նա մուրում է Սերժ Սարգսյանից: Ինչպե՞ս: ԱԱԾ ղեկավարը Սերժ Սարգսյանի հակառակորդներին կոչ է անում «զերծ մնալ ապստամբությունների, իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից»: Ինքը սպառնացել է, որ միջոցներ ձեռք կառնի «հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար»: Մեր պապերը նման դեպքում ասում են՝ դու էիր մնացել պակաս: Ոչ մի անօրինականության համար հաշվետու չես եղել, եկել ու սպառնում ես:

Եվ, ընդհանրապես, ինչու՞ է այս մարդը մեյդան ընկել: Ինչու՞ է որոշել, որ եթե ինքն ասաց, ուրեմն կանի, և մյուսները պետք է «մկան ծակին հազար թուման տան, որ մտնեն»: Գորիկ Հակոբյանը վատ է տեղեկացված: Հակասահմանադրականությունը սպառնում է այն երկրներին, որտեղ Սահմանադրությունը աշխատում է: Հայաստանին դա չի սպառնում՝ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարումը վկա: Ինչ-որ լիկբեզներ, այնուամենայնիվ, հատուկ այս մարդու համար պետք է արվեն: Ինքը իշխանություն ասելով սահմանադրական մարմինները նկատի չունի, չխաբվեք, ինքը նկատի ունի կոնկրետ անուններ: Այդ անունները հայտնի են՝ Սերժ և Ալեքսանդր Սարգսյաններ, Միքայել Մինասյան, Գագիկ Խաչատրյան, Գորիկ Հակոբյան, Հովիկ Աբրահամյան և այլք: «Սահմանադրական կարգ» ասվածն այս մարդիկ են:

Գորիկ Հակոբյանը նշանակվել է, որպեսզի սրանց սպառնացողներին անուն առ անուն բացահայտի: Այս մարդու բոլոր աղմկահարույց գործերը եղել են ընդդիմադիր գործիչների դեմ: Բոլոր համապետական ընտրություններից առաջ իշխանությունը պահելու դավադիր պլաններ են մշակվել և իրագործվել հենց այս մարդու ԱԱԾ ղեկավար լինելու ընթացքում և, հնարավոր է, նաև մասնակցությամբ: Անզեն աչքով էլ է երևում, որ նրա և նրա ղեկավարության համար Հայաստանի Հանրապետությունը և «սահմանադրական կարգը» տարբեր բաներ են:

Կարելի՞ է եզրակացնել, որ Գորիկ Հակոբյանը և նրա ղեկավարությունը հակասահմանադրական տարրեր են այս պետության օրգանիզմում: Ոչ միայն կարելի է, այլև քրեորեն հետապնդելի է չեզրակացնելը: Այս մարդը շարքային քաղաքացու քաղաքացիական իմունիտետն աշխատացնող ոչ մի քայլ չի արել. մենք չգիտենք, թե վաղն ինչ կգա մեր գլխին, դեռ սպառնում է իր ղեկավարի իշխանության դեմ պայքարողներին: Թող լավը լիներ, չպայքարեին, թող այնքան սահմանադրական լիներ, չմտածեին «հակասահմանադրական» քայլերի մասին: Ո՞վ է տեսել հակասահմանադրականությանը հակասահմանադրական պատասխանողին հռչակեն սպառնալիք:

Որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը, երբ երկրին պատուհասել էր ֆինանսական քաոսը: Դու նրա ձայնը լսեցի՞ր: Կարո՞ղ էիր նրան խորհուրդ տալ ինչ-որ բան ասել այս ժողովրդին, եթե այդքան «սահմանադրական» էր ինքը:

Եվ հետո, ներողություն, քեզ ի՞նչ իշխանության համար պայքարը: Դու ինչու՞ ես քաղաքական պայքարի անունը դնում «հակասահմանադրականության կոչ»: Այդ դեպքում, կներես, սահմանադրական պայքարը ո՞րն է: Ի՞նչ անեն մարդիկ, որ իրենց պայքարը քո կապույտ, գրեթե եթերի նման աչքերին սահմանադրական թվան: Եթե սպառնացողներին հայտնաբերելը քո գործն է, և եթե գիտես, որ արդեն իսկ հնչում են նման կոչեր, միջոցներ ձեռք առ, ինչու՞ ես զգուշացնում: Մարդասե՞ր ես երևում: Խաղ ու պա՞ր է «հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված» կոչեր հնչեցնելը: Բայց ահա թե ինչ՝ քեզ ոչ մեկը չի ասե՞լ, որ իշխանության իրական կրողը ժողովուրդն է, եթե ինքը չի կարողանում ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխել, այսինքն, եթե ինքը «ընտրություններ» կոչվող թատրոնում ընդամենը խամաճիկ է, կարող է, չէ՞, մտածել այլ մեթոդներով իշխանությունը վերադարձնելու մասին:

Քո՝ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում մնալն արդեն իսկ հակասահմանադրական է, ու՞ր ես մտնում մի դաշտ, որի առաջին թիրախներից մեկը դու ես: Ուրեմն արի պայմանավորվենք, եթե իսկապես հակասահմանադրական կոչեր են հնչում, դու պիտի գերազանց իմանայիր քո անելիքը: Բայց քանի որ ձեռքերդ ծալել ես, նշանակում է, ինչ-որ ավելի «խորը» նպատակ ունես. դու ընդհանրապես սպառնում ես բոլոր նրանց, ովքեր չեն ուզում իշխանության մեջ տեսնել Սերժ Սարգսյանին ու նրա թիմին: Անազնիվ սկսել եք, ուզում եք անազնիվ էլ վերջացնեք: Գոնե օր «ծերության» անկեղծ եղեք, ասեք, որ չեք ուզում իշխանություն զիջել, որ ոչ մեկից պակաս չեք, որ իշխանության համար արյուն կթափեք: Ազնիվ եղեք, հետագա քրեական բոլոր գործերում դրանք ձեր օգտին են խոսելու: Ազնվությունն էլ է, ի դեպ օգնում արժանապատիվ ծերությանը: Սովորեք ծերանալ, ասում են՝ դա դժվար չէ, գոնե հանուն թոռների…

Մհեր Արշակյան

Exit mobile version