«Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ ասոցացման համաձայնագիրը Հայաստանը չստորագրեց, սակայն իշխանությունները բազմիցս հայտնել են, որ հակված են շարունակելու համագործակցությունը Եվրամիության հետ։ ԵՏՄ անդամակցելը էական խոչընդոտ չէ ԵՄ-ի հետ համագործացության համար։ Բազմաթիվ քննարկումների և նիստերի միջոցով տեղեկատվության փոխանակման արդյունքում հնարավոր է եղել պատրաստել նոր փաթեթը»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։
Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։
Ակնարկ
Եվրամիության հետ ասոցացման հարցով շուրջ երեք տարի վարած բանակցություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ․ սեպտեմբերի 3-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրեցին 2014թ․ մայիսի 29-ին Աստանայում։ Այն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին։
Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեկտեմբերի 10-ին փաստաթուղթը վավերացրեց Ռուսաստանի Պետդուման, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Դաշնության խորհուրդը։
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեկտեմբերի 18-ին վավերացրեց Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, իսկ դեկտեմբերի 19-ին վերին պալատը՝ Սենատը։ Դեկտեմբերի 19-ին փաստաթուղթը վավերացրեց նաև Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը։