Site icon CIVILNET

Հովիկ Աբրահամյանի 2014-ը

Hovik Abrahamyan 100 days of failure2014թ. ապրիլին, երբ հանրային զրո աջակցության պայմաններում Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, նրան բազմիցս զգուշացրել էին, որ Տիգրան Սարգսյանի քաղաքական գիծը շարունակելու դեպքում արձանագրելու է նույն արդյունքները և վերջում կանգնելու կոտրած տաշտակի առաջ:

Ինչպես ենթադրվում էր, նա շարունակեց այդ գիծը: Հովիկ Աբրահամյանը հստակ պատկերացում չի ունեցել Հայաստանի տնտեսական վիճակի մասին և կառավարության ծրագրում նպատակ էր դրել «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում՝ ՀՆԱ-ի միջնաժամկետ 5% աճի միջոցով»: Սերժ Սարգսյանը իր հերթին մայիսին ՀՀԿ 15-րդ համագումարում հայտարարեց, որ կառավարության ծրագրում փոքր ինչ նվազեցված են տնտեսական աճի նպատակադրումները գալիք տարիների համար (մինչ այդ Սարգսյանը հայտարարել էր. «Այն Կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թթ., չապահովի 7% տնտեսական աճ, Կառավարությունը պետք է հրաժարականտա»): Սարգսյանն ասել էր. «Սակայն ես համոզված եմ, որ սովորականից ավելի ջանքերի շնորհիվ կառավարությունը կարողանալու է առավել մեծ իրական արդյունքներ ցույց տալ, ամրագրված թիրախներից նկատելիորեն ավելի ցուցանիշներ ապահովել»:

Հետագայում պարզվեց, որ նույնիսկ 5%-ը հնարավոր չի լինի ապահովել: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել թիրախային 5% աճը, այլև տնտեսական աճը ցածր կլինի ԱՄՀ-ի կանխատեսած 4.3%-ից: ԱՄՀ վերջին կանխատեսման համաձայն՝ 2014թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 2.6%:

Դեկտեմբերի 29-ին Աբրահամյանը լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը հայտարարեց. «Բոլորս ունենանք մի կարծիք՝ ոնց անենք, որ մեր ժողովուրդը ավելի բարեկեցիկ ապրի, իսկ դրա համար հարկավոր է զարգացնել տնտեսությունը, և դա ես կարծում եմ հնարավոր է անել միասնական ուժերով»:

Տնտեսական զարգացման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է Սարգսյանի ստեղծած կառավարման մոդելը, որի նպատակն է կենտրոնացնել տնտեսական բոլոր ռեսուրսներn իր ձեռքում: Միասնական ուժերի մասին խոսակցությունը շատ վերացական բաներ են: Զարգացման համար պետք է վերջ տալ բիզնեսներում մասնաբաժին վերցնելու Սերժ Սարգսյանի եղբոր վարքագծին ու վերացնել մոնոպոլիաները: Սրանք են Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտները:

Վարչապետն ասել է. «Մեզ համար առաջին խնդիրը քաղաքացու բարեկեցությունն է: Ես շատ կուզեի, որ աղքատությունը կրճատվեր, աշխատատեղեր ստեղծվեին»: Այդ ցանկությունը իրականացնելու համար Աբրահամյանը պետք է ուսումնասիրի 1988-2008թթ. Հայաստանի տնտեսական ցուցանիշները, որի ընթացքում աղքատությունը 49%-ից իջել է 26%-ի և ահագին աշխատատեղեր են ստեղծվել: Նա կարող է կիրառել այդ փորձը:

Հովիկ Աբրահամյանը նաև հայտարարել է, որ 2014-ը ձեռքբերումների ու մարտահրավերների տարի էր: Որպես ձեռքբերում նա նշել է պրոֆեսիոնալ թիմի ձևավորումը: Իրականում կառավարության առաջնային խնդիրը պրոֆեսիոնալ թիմ ձևավորելը չէ, այլ բնակչության բարեկեցության ապահովումն է: Տարբերություն չկա պրոֆեսիոնալ թիմով է վարչապետը ձախողել խոստացած տնտեսական զարգացման 5% ցուցանիշը, թե առանց դրա: Փաստը մնում է փաստ, որ վարչապետը ձախողել է իր ամենակարևոր գործառույթը:

Իհարկե ցանկություն կա տարեվերջին խոսել դրական արդյունքների մասին, սակայն վարչապետը վերջին ութ ամիսների ընթացքում նման վարքագիծ չի դրսևորել, ավելին՝ լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման հայտարարություններով ստիպել է, որ ևս մեկ անգամ անրադառնանք նրա կատարած աշխատանքի արդյունքներին:

Exit mobile version