Մինսկում այսօր առավոտյան ավարտվեցին ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա) բանակցությունները, որոնց արդյունքում ստորագրվեց փաստաթուղթ՝ «Մինսկի համաձայնությունների կատարմանն ուղղված համալիր միջոցների» վերաբերյալ: Բանակցությունները ռեկորդային էին. ընդհանուր առմամբ տևեցին մոտ 16 ժամ: Փաստաթուղթը ենթադրում է Ուկրաինայի արևելքում հրադադարի հաստատում և ծանր սպառազինությունների դուրսբերում, սահմանում է Ուկրաինայի կազմում «ըմբոստ տարածքների» կարգավիճակը, բացի այդ, նախատեսվում է, որ Կիևը պետք է սահմանադրական բարեփոխումներ անցկացնի: Սակայն ամենակարևորն այս պահին թերևս հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ պայմանավորվածությունն է, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 15 -ի կեսգիշերից: Այդ մասին բանակցությունների ավարտին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նորմանդական քառյակի» գագաթաժողովի մասնակից՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ըստ նրա պաշտոնական կայքի, պատմել է, որ «նույնիսկ Պուտինը բանակցությունների վերջում ճնշում է գործադրել անջատականների վրա, որպեսզի վերջիններս համաձայնեն հրադադար հաստատել փետրվարի 15-ի կեսգիշերից»:
Գերմանիայի կանցլերի խոսքերը հաստատել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա հատուկ նշել է Պուտինին, որը համաձայնություններն ստորագրելիս «անջատականների վրա անհրաժեշտ ճնշում է գործադրել »:
Եվրոպացի առաջնորդները համակարծիք են, որ մինսկյան բանակցությունների արդյունքներն «ինքնին բեկում չեն», քանի որ հաստատված փաստաթղթերը կյանքի կոչելու համար պետք է դեռ շատ աշխատանք կատարել, սակայն «հույսի շող, այդուհանդերձ, կա»:
Ուշագրավ է, որ կողմերը բանակցությունների ընթացքի մասին հակասական հայտարարություններ էին անում: Այսպես՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրանք բնութագրել է որպես «ավելի քան սուպեր», ուկրաինական ԱԳՆ-ից էլ ասել էին, որ հանդիպումը ծանր է ընթանում:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն լրագրողներին պատմել է, որ ուկրաինական կողմին ներկայացվում էին «վերջնագրային պահանջներ», սակայն ի վերջո հաջողվել է հասնել նրան, որ հրադադարը «հաստատվի առանց նախապայմանների»:
Կիևի զիջումները
Ուկրաինայի իշխանությունները փաստացիորեն ընդունում են, որ տեսանելի ապագայում չեն կարող վերահսկողություն հաստատել Ուկրաինայից անկախություն հռչակած Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների նկատմամբ, որոնք փաստաթղթում կոչվում են «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններ»:
Ամրագրվում է «առանձին շրջանների»՝ դատավորներ և դատախազներ նշանակելու, «ժողովրդական ոստիկանության ջոկատներ» ստեղծելու իրավունքը:
Ուկրաինական կողմը պարտավորվում է սահմանադրական բարեփոխում անցկացնել, որի նպատակն է, ըստ Ֆրանսիայի նախագահ Օլանդի, «արևելյան շրջանների բնակիչների իրավունքների պաշտպանությունը»:
Ինքնահռչակ հանրապետությունների կողմից ռազմական գործողությունների մասնակիցներին խոստացվում է համաներում:
Մոսկվայի և ինքնահռչակ հանրապետությունների զիջումները
Թեկուզև զուտ պաշտոնապես, սակայն ճանաչվում է, որ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները Ուկրաինայի մաս են կազմում:
Անցկացվելու են նոր տեղական ընտրություններ՝ այս անգամ ուկրաինական օրենսդրության համաձայն: Այս կետը կասկածի տակ է դնում 2014թ. նոյեմբերի 2-ին այդ տարածքներում անցկացված ընտրությունները:
Փաստաթղթում կա դրույթ՝ օտարերկրյա սպառազինությունների և տեխնիկայի դուրսբերման մասին: Այսպիսով՝ անուղղակիորեն ճանաչվում է, որ նման կազմավորումներ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում եղել են: Բացի այդ՝ դժվար կլինի որոշել, թե որ տեխնիկան պետք է դուրս բերել, որը՝ ոչ:
Եվս մեկ կետ վերաբերում է Ուկրաինայի կառավարության կողմից պետական սահմանի հանդեպ (այնտեղ, որտեղ այն հարում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքներին) լիակատար վերահսկողության վերականգնմանը:
Դժվար է չհամաձայնել Օլանդի հետ, որն ասել է՝ դեռ շատ աշխատանք է պետք կատարել պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Դժվար է չհամաձայնել նաև ABC News-ի լրագրող Քիրիթ Ռադիայի հետ, որը գրել է. «Պատրա՛ստ եղեք նրան, որ երկու կողմերը տարբեր կերպ են մեկնաբանելու այն, ինչին տվել են իրենց համաձայնությունը»:
Ստելլա Մեհրաբեկյան