Site icon CIVILNET

ՀԲ-ն գումար է հատկացնում «Նաիրիտի» կենսունակությունը գնահատելու համար

Համաշխարհային բանկը (ՀԲ) 110 հազ. դոլար դրամաշնորհային միջոցներ կմոբիլիզացնի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման նպատակով: ՀԲ երևանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ բանկը Հայաստանի կառավարությանն աջակցելու նպատակով համաձայնել է փորձաքննության համար գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն: Նախատեսվող տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվի կառավարությանը, «որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ»:

«Դրամաշնորհային միջոցները մեր գործընկերոջ համար կապահովի վերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից: Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել լավագույն փորձագետներին»,- ասել է ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին և կտևի 2,5 ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետևյալ չորս տարրերը.

Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանն առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն:

Վերլուծությունների կատարման ընթացքում ՀԲ-ի կողմից կիրականացվի մոնիթորինգ ու որակի վերահսկում: Վերլուծական աշխատանքներն իրականացվելու են էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո:

***

«Նաիրիտ» գործարանն արդեն հինգ տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ 1 մլն դոլար է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը:

Փետրվարի 6-ին «Նաիրիտ» գործարանի 1700 աշխատակից ազատվել է աշխատանքից:

Exit mobile version