Այդպիսի կարևոր սկզբունքներից մեկը, ըստ հանձնակատար Հանի, այն է, որ հարևանության քաղաքականության յուրաքանչյուր գործընկերոջ հետ ԵՄ-ն պետք է ունենա անհատական մոտեցում՝ հասկանալով և հարգելով համագործակցության վերաբերյալ տվյալ երկրի պատկերացումներն ու մոտեցումները:
Նա նշել է, թե ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում նախորդ փուլի բանակցությունները վատնված ջանքեր չէին, և անկախ հետագա զարգացումներից` դրանք օգտակար էին ակնկալիքներն ու սահմանված չափանիշները, նաև եվրոպական շուկայում մրցունակ լինելու հնարավորությունները պատկերացնելու առումով:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Երևան է ժամանել մարտի 18-ին: Այսօր` ավելի վաղ, նա ելույթ էր ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի շրջանակում: Հանը նշել էր, որ թեև Հայաստանն ընտրել է Եվրաստաիական տնտեսական միությանն անդամակցությունը, Հայաստանի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում շարունակում է եվրոպական օրակարգի մաս մնալ:
Մարտի 17-ին ելույթ ունենալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստի բացմանը` Սերժ Սարգսյանն իր հերթին հայտարարել էր, թե Հայաստանը ելնում է այն սկզբնակետից, որ հնարավոր է համատեղել ԵՏՄ-ում անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, և ԵՄ-ի հետ խոր և ընդգրկուն օրակարգը:
***
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երեքուկես տարի բանակցելուց հետո Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահի մակարդակով հայտարարեց, որ որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։
ԵՏՄ-ն սկսեց գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես միության անդամ դարձավ հունվարի 2-ից: