Site icon CIVILNET

Անկարայի քաղաքապետը կարծում է, որ Ջեմ Օզդեմիրն ունի հայկական արմատներ

melih_gokcek_chp_kesinlikle_kapatilmali13710075720_h1037565 Անկարայի քաղաքապետ, «Արդարություն և զարգացում» կուսկացության անդամ Մելիհ Գյոքչեք

Մարտի 12-ին Երևանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությունը: Նա Հայաստանում այցելել էր Ծիծեռնակաբերդ և կոչ արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանյան այցից հետո թուրքական մեդիայում և սոցիալական ցանցերում Օզդեմիրի դեմ հայտարարություններ են հնչել: Հատկապես դժգոհությամբ է ընդգծվել այն փաստը, որ Օզդեմիրը, թուրք լինելով, կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը: Սոցիալական ցանցերում մեծ տարածում է գտել Օզդեմիրի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարը:

Հատկապես բացասական արձագանք է լսվում Թուրքիայի կառավարամետ շրջանակներից: Անկարայի քաղաքապետ, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսկացության անդամ Մելիհ Գյոքչեքը Թվիթերում գրառում է արել. «Խնդրում եմ, պատասխանի՛ր, Ջեմ Օզդեմիր, դու արմատներով հա՞յ ես»:

Ջեմ Օզդեմիրի հայաստանյան այցն ու հայտարարությունները քննադատել է նաև թուրք դիվանագետ Օրհան Թանը. «Մի՞թե Ձեր պապերից որևէ մեկին հայերը չեն սպանել»: Թուրք դիվանագետը կոչ է արել Ջեմ Օզդեմիրին կարդալ և սովորել, թե ինչպես են հայերը կոտորել թուրքերին, ներառյալ՝ նրա պապերին: Օրհան Թանը խորհուրդ է տվել նաև կարդալ թուրք պատմաբանների գրքերը: «Ձեզ ինչ ասեմ, չգիտեմ: Սակայն, թույլ տվեք առնվազն քննադատել Ձեր դիրքորոշումը: Փորձեք շտկել Ձեր սխալները»,-ասել է Օրհան Թանը:

Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսի խոսնակ Ջեմիլ Չիչեքը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այն երկիրն է, որն ամենաշատն է ցանկանում բացահայտել 1915թ. իրադարձությունները: Կրկնելով Թուրքիայի ժխտողական թեզերը՝ նա ասել է, որ այն (Ցեղասպանությունը-ՍիվիլՆեթ) չպետք է քաղաքականության մեջ շահարկելու թեմա լինի:

Ջեմ Օզդեմիրը ծնվել է Գերմանիայում, չերքեզաթուրքական ծագում ունի: Նրա ընտանիքը Թուրքիայից Գերմանիա է գաղթել 1960-ականներին: Այժմ Օզդեմիրը «Դաշինք 90/կանաչներ» կուսակցության համանախագահն է: Կուսակցությունը զբաղեցնում է Բունդեսթագի 630 տեղերից 63-ը:

Ջեմ Oզդեմիրն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որից հետո Ֆեյսբուքում գրել էր. «Զգացմունքային պահեր: Այսօր մեր կուսակցության պատգամավոր Էքին Դելիգյոզի հետ Երևանում այցելել էինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ժամանակին Կայսերական Գերմանիան դերակատարություն է ունեցել այն ժամանակվա իրադարձություններում, և դա մեզ ստիպում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ավելի ակտիվ դերակատարություն ունենալ»:

Մարտի 12-ին նա հյուրընկալվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը կարևորել է Օզդեմիրի այցը հայ-գերմանական կապերի ամրապնդման տեսանկյունից: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ջեմ Օզդեմիրի՝ Ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիային ուղղված կոչերը:

Ուշագրավ է, որ Հայաստանում եղած ժամանակ Բունդեսթագի պատգամավորն ասել է, որ Հայոց ցեղասպանության իրականացման գործում Գերմանիան ունի իր մեղքի ու պատասխանատվության բաժինը: Նա նաև նշել է, որ ժամանակն էր, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի:

Օզդեմիրը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համոզված պաշտպանն է: Քննադատելով 2014թ. Գերմանիա կատարած այցի ընթացքում այն ժամանակ դեռ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, նա ասել է. «Էրդողանն արդեն բացասական Թուրքիայի կերպարն է, և նրա այցը բացասաբար է ազդելու Եվրամիության հետ հարաբերությունների վրա»:

Ի պատասխան Ջեմ Օզդեմիրի հայտարարության՝ Էրդողանն ասել է. «Իրեն թուրք համարող մեկը Գերմանիայի կուսակցություններից մեկի համանախագահն է: Նրա արած հայտարարությունները շատ կեղտոտ են: Դու ի՞նչ դեմոկրատ ես: Առաջին հերթին դու իրավունք չունես նման տոնով խոսել քո հայրենի երկիրը ներկայացնող վարչապետի մասին: Որ երկրի պատգամավոր էլ լինես՝ նախ չա՛փդ ճանաչիր»:

Հայաստանյան այցի ընթացքում Օզդեմիրը գտնվում էր մամուլի ուշադրության կենտրոնում: Նա հարցազրույց է տվել նաև Սիվիլնեթին՝ քննադատելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:

Exit mobile version