Site icon CIVILNET

Հայ բառը գարշանքի իմաստ է արտահայտում. Անկարայի քաղաքապետ

gokcektwitter Անկարայի քաղաքապետ՝ Մելիհ Գյոքչեք

Մարտի 12-ին Երևանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: Արմատներով թուրք գործիչն այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրանից հետո Թուրքիայում սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր սկսեցին մեղադրել Օզդեմիրին հայկական արմատներ ունենալու մեջ և արշավ սկսեցին նրա դեմ:

Օզդեմիրի հայտարարությունները դուր չէին եկել նաև Անկարայի քաղաքապետ, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքին, որը Թվիթերում հետևյալ գրառումն էր արել. «Խնդրում եմ, պատասխանի՛ր, Ջեմ Օզդեմիր, դու արմատներով հա՞յ ես»:

Մայրաքաղաք Անկարան պաշտոնապես հանձնել են հայի. Հայկո Բաղդատ:

Կարծես, Անկարայի քաղաքապետի հայտարարությանն ի պատասխան, պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը Թվիթերի իր էջում հեգնանքով գրել է. «Մայրաքաղաք Անկարան պաշտոնապես հանձնել են հայի (նկատի ունի Գյոքչեքին-ՍիվիլՆեթ): Ափսոս»: Գրառման տակ Հայկո Բաղդատը թողել էր հետևյալ հեշթեգը. «#մելիհգյոքչեքըհայէ»:

Ըստ «Ակօսի»՝ Մելիհ Գյոքչեքի փաստաբանները քաղաքի հանրապետական դատախազությանը հայց են ներկայացրել՝ նշելով, որ Հայկո Բաղդատը զրպարտել և վիրավորել է Անկարայի քաղաքապետին, և Հայկո Բաղդատից պահանջել են 10 հազ. թուրքական լիրա (շուրջ 5 հազ. դոլար)՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Հայցում նշվում է, որ Գյոքչեքը սիրում է իր երկիրն ու իր ազգը, հայրենասեր է և Թուրքիայի Հանրապետության իսկական քաղաքացի, քաղաքական մեծ հաղթանակներ է տարել, լուրջ փոփոխություններ իրականացրել Անկարայում:

Գյոքչեքը, կարծես, ուզում է ցույց տալ, որ ինքը զտարյուն թուրք է, որպեսզի որևէ մեկը Հայկո Բաղդատի գրառումը բառի բուն իմաստով չընկալի: Ավելին՝ քաղաքապետի փաստաբանը հայցում հայ բառը գարշանք է համարել. «Ժողովրդի կողմից այդքան սիրված և հարգված գործչի նկատմամբ գարշանքի իմաստ արտահայտող այդ բառը խորապես վիրավորում է Մելիհ Գյոքչեքին, ինչպես նաև մեծ անարգություն է նրան ձայն տվող, օժանդակող, սիրող և հարգող քաղաքացիների նկատմամբ»:

Exit mobile version