Site icon CIVILNET

Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ-ն մեկնում են Վաշինգտոն

Serzh Sargsyan and Garegin 2ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:

Նախագահի գրասենյակի հաղորդմամբ, նա հանդիպումներ կունենա Սենատում: Վաշինգտոնում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ:

Նախագահը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի ԱՄՆ կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:

Այցի շրջանակում Սարգսյանը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ:

Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով:

Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Մայիսի 5-ին Վաշինգտոն է մեկնում նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, հաղորդում է Մայր աթոռի մամլո դիվանը: Այցի ընթացքում կաթողիկոսը կմասնակցի նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական-պատգամավորական տարեկան ժողովին: Գարեգին Բ-ին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և այլք:

Exit mobile version