Site icon CIVILNET

«Նոր սահմանադրության մեջ հակակշիռներ ներդրվել են»

Grigor МuradyanՀուլիսի 15-ին հրապարակվեցին նոր սահմանադրության նախագծի յոթ գլուխները: Սահմանադրության փոփոխությունների շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանի հետ: Մուրադյանը անընդունելի է համարում, որ փաստաթուղթը դեռ նոր հրապարակված, շատերը շտապում են այն քննադատության ենթարկել:

– Կարելի է քննարկել ցանկացած բովանդակային խնդիր, ցանկացած հարթության մեջ, ցանկացած ձևով քննադատել: Բայց ոչ իրազեկ մարդիկ, եթե գնահատում են այնպիսի բարդության տեքստ, ինչպիսին սահմանադրական բարեփոխումների տեքստն է, որը բարեփոխված Սահմանադրության տեքստն է, առնվազն գոնե յոթ գլուխը կարդալու և ընկալելու համար մի քանի օր պիտի ունենային, նոր սկսեին քննադատել: Այդքան իրազեկ լինելով հանդերձ, եթե իրենք այդպիսի քննադատություն են իրենց թույլ տալիս, դա ընդամենը մերկապարանոց քննադատություն է, ես չեմ էլ ուզում անգամ անդրադառնալ դրան: Ընդամենը պարզունակ, չափազանց պարզունակ մոտեցում է, որը չի կարելի կիսել, որովհետև այնպիսի նրբերանգներ կան և այնպիսի ծավալի փոփոխություններ են, որ մեկ օրում կարդալ, ընկալել և թույլ տալ, համարձակություն ունենալ քննադատել՝ այն էլ այնպիսի բովանդակությամբ, որ ընդհանրապես այս տեքստը բանի պետք չէ… այն դեպքում, երբ մասնագիտական հանձնաժողովում, մեղմ ասած, ավելի իրազեկ մարդիկ են, չեմ ասում՝ շատ ավելի կամ անհամեմատ ավելի, քան այն հանրությունը կամ հասարակության այն հատվածները, որոնք իրենց թույլ են տալիս նման քննադատություն: Նման քննադատություն ես ընկալելի կհամարեի, եթե դա հնչեր որոշակի ժամանակ անց` լուրջ վերլուծական ուսումնասիրությունների և եզրահանգումների արդյունքում: Ցանկացած հոդված, ցանկացած դրույթ, որն ամրագրված է Սահմանադրության մեջ, խարսխվում է միջազգային բազում փաստաթղթերի ուսումնասիրության վրա, և թերևս, երբ հրապարակվեն հիմնավորումները, այդ քննադատները կհասկանան, թե ինչ աշխատանք է կատարվել, ինչ ծավալի, ինչ խորության:

– Նախագծի 89-րդ հոդվածում նշված է, որ Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից: Ի՞նչ է նշանակում՝ առնվազն: Այսինքն` անհրաժեշտության դեպքում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կարելի է ունենալ 258 պատգամավո՞ր:

– 258, իհարկե, ոչ: Բայց այդ թիվը կարող է տատանվել 101-ից մինչև 130 կամ 140-ի սահմաններում: Ինչու է այս մոդուսը ընտրված: Որպեսզի այն դեպքերում,- կա այսպես կոչված՝ բոնուսների համակարգ, որն ի դեպ կիրառվում է Երևանի անագանու ընտրություններում,- երբ այն կուսակցութունը, որը ստանում է ձայների 40 տոկոսը, ստանա նաև մեծամասնություն: Սա արվում է, և դա շեշտվում է Սահմանադրության մեջ, կայուն մեծամասնություն ապահովելու նպատակով, որովհետև պառլամենտական կառավարման ձևի պայմաններում, եթե դուք չեք ունենում կայուն մեծամասնություն, մեր երկրում, մեր իրավիճակում, մենք կունենանք շատ լուրջ խնդիրներ, և եթե ոչ հարատև, ապա պարբերաբար կրկնվող սահմանադրական ճգնաժամ: Հետևաբար, մոդելը, որն այստեղ ընտրված է, հետևյալն է՝ այն կուսակցությունը, որը հարաբերական մեծամասնություն է ստացել, ստանում է դա ոչ թե 101 մանդատների հաշվին, այլ որոշակի բոնուսների: Բոնուսներ նշանակում է, որ այդ 101 թիվը կարող է ավելանալ որոշակի թվով: Կարծում եմ` 200-ը երբևէ չի անցնի:

Դուք նշում եք, որ կառավարման այս մոդելի հիմքում դրված են պառլամենտարիզմի լավագույն ավանդույթները, այսինքն՝ փորձել եք վերցնել այդ ավանդույթները և հարմարեցնել հայկական իրականությանը: Քննադատության հաջորդ թիրախը վերաբերում է կայուն մեծամասնություն ձևավորելուն: Դուք խոսեցիք այդ մասին: Սա գնահատվում է նաև որևէ իքս կուսակցության կողմից իշխանության մենաշնորհն իր ձեռքը վերցնելու հանգամանք և չի արտահայտում պառլամենատարիզմի ավանդույթները Այո, կայունություն է պետք Հայաստանի նման երկրներում, բայց արդյոք ա՞յս ձևով է պետք կայունությունը:

– Մենք հաճույքով կլսենք ընդդիմախոսների առաջարկները, թե ինչ այլ ձևեր կան, որպեսզի այդ կայունությունը ապահովվի: Այդ կայունության ապահովման այս ձևին, միգուցե ոչ իր մանրամասների մեջ, բայց գաղափարական իմաստով, հանգել է Իտալիան` երկարատև՝ քսան-քսանհինգ տարի տևած քննարկումների արդյունքում: Վերջին շրջանում Իտալիայում բարեփոխումներ են իրականացվել: Եթե հիշողությունս չի դավաճանում` մայիսին, Սահմանադրության մեջ կամ օրենսդրական մակարդակում ուղղակիորեն ամրագրվել է այս երկրորդ փուլի գաղափարը: Այսինքն՝ այն հանգամանքը, որ իտալական կառավարությունները մինչև վերջերս պարբերաբար փոփոխվում էին, և անընդհատ առաջանում էր կառավարական ճգնաժամ, այդ երկրին ստիպել է, այդ փորձից ելնելով, ամրագրել այս ինստիտուտը: Սա կիրառվում է նաև Սան Մարինոյում:

Քննադատելուց առաջ նախ պետք է ուսումնասիրել` ինչու են այդ երկրները հանգել այդ պրակտիկային, ինչու ենք մենք գերխնդիր դրել մեր առաջ` ապահովելու կայունությունը: Խոսքը մի կուսակցության բացարձակ մեծամասնության մասին չէ, որովհետև այստեղ կայունություն ապահովելու կարիք չկա: Եթե կուսակցությունը ստացել է բացարձակ մեծամասնություն, 101 թիվը բաժանում եք 50+1-ի և ստանում եք բացարձակ մեծամասնություն, կայունության ապահովման կարիք չկա: Սա այն դեպքերի համար է, երբ այդ կայունությունը անհնար է ապահովել: Այսինքն` ոչ մի կուսակցություն բավարար քանակությամբ ձայներ չի ստացել, և կոալիցիայի ձևավորումը տարբեր կուսակցությունների միջև` քաղաքական կամ անձնական, միջանձնային այլ դրդապատճառներով, անհնար է: Ամեն ինչ հնարավոր է, չէ՞, քաղաքական կյանքում: Սա երաշխիք է, որ այդ դեպքերում ժողովրդի ճակատագրերը կախված չլինեն կուսակցությունների միջանձնային փոխհարաբերություններից: Սահմանադրությունը ուղղակիորեն խթանում է այն հանգամանքը, որ անցկացվի երկրորդ փուլ, և այդուհանդերձ ձևավորվի կայուն կառավարություն: Կառավարության կայունությունը հիմնարար երաշխիք է մեր կայուն զարգացման և պետականության շարունակականության համար, որովհետև եթե մենք կիսանախագահական համակարգից անցում ենք կատարում պառլամենտականի, պետք է ունենանք կայուն կառավարման համակարգ, որպեսզի կարողանանք գոնե այդ անցումը` նվազագույնը գոնե այդ անցումը, ապահովել առանց ցնցումների:

Երևի կհամաձայնեք, որ կիսանախագահական կառավարման ձևը ամենակայուններից մեկն է: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ 1995-ից մինչև 2015թ. որևէ կառավարման ճգնաժամ, սահմանադրական ճգնաժամ չի առաջացել: Իտալիան Եվրոպայում կառավարման տեսակետից համարվում է ամենաանկայուն երկրներից մեկը: Եվրոպայում կան պառլամենտարիզմով ապրող այլ երկրներ, նույն՝ Գերմանիան, որը բավականին կայուն է, և կայունության հարցը լուծվում է, ասենք, եթե չի ձևավորվում կոալիցիա, նոր ընտրություններ նշանակելու միջոցով: Ի՞նչն է խանգարում այդ պրակտիկան կիրառել Հայաստանում և չվերցնել Իտալիայի և Սան Մարինոյի օրինակը:

– Իտալիան համարվում էր անկայուն կառավարման համակարգ ունեցող պետություն, երբ հանգեց այս լուծումներին: Այս լուծումները նոր մեխանիզմ են: Գերմանական ավանդույթները շատ ավելի հին են այս առումով: Իտալական ավանդույթները նորագույն պրակտիկա են:

Մենք մեկը-մեկին չենք վերցրել իտալական պրակտիկան, մենք հաշվի ենք առել այդ նորագույն ավանդույթները: Բայց եթե նկատեք, այստեղ գերմանական սահմանադրականության տարրեր էլ կան, մասնավորապես՝ վարչապետի դերը բավական ընդգծված է: Սա նույնպես կայունության տարրերից մեկն է: Կիսանախագահական համակարգը կայուն է միայն մեկ դեպքում, երբ նախագահն Ազգային ժողովում ունի մեծամասնություն: Այս տարիների ընթացքում, որպես կանոն, հանրապետության նախագահն ունենցել է մեծամասնություն Ազգային ժողովում: Բայց բավական է, որ այդ մեծամասնությունը նա չունենա, և այդ համակարգը կդառնա բացարձակապես անկայուն: Վառ օրինակը Ռուսաստանում Դումայի գնդակոծումն էր նախագահի և Դումայի կոնֆլիկտի արդյունքում: Այսինքն` ընդհուպ կարող է հանգեցնել այդպիսի իրավիճակի: Ես այլ երկրների փորձը չվկայակոչեցի, այլ ԱՊՀ երկրի, մեր ռազմավարական գործընկերոջ փորձը վկայակոչեցի: Այսինքն` բնավ սա չի բացառվում:

Բավական է, որ քաղաքական պոլարիզացիան տարբեր լինի, այս համակարգը կվերածվի, ըստ էության, անկայուն համակարգի: Բացի այդ՝ եթե կիսանախագահական կառավարման դեպքում նախագահը ունի մեծամասնություն, նա գերնախագահական լիազորություններ ունի նաև, որի մասին նախագահական պետությունների նախագահները միայն կարող էին երազել: Բայց պառլամենտի առջև չունի այն պատասխանատվությունը, որ օրինակ կառավարման պառլամենտական ձևի պարագայում ունեն վարչապետը և կառավարության մյուս անդամները:

Այս պարագայում վարչապետը ունենալու է այդ երազած լիազորությունները և իշխանությունը, չէ՞:

– Այդպես չէ: Կա վարչապետի շեշտադրված ուժեղ դերակատարություն, որը դրսևորովում է մի շարք գործոնների միջոցով, մի շարք երաշխիքների միջոցով: Մասնավորապես, կարող եմ մատնանշել նույն ընտրակարգը, բացի այդ` կոնստրուկտիվ անվստահության ինստիտուտը: Այսինքն` մինչև նոր վարչապետի թեկնածությունը այդ որոշմամբ չառաջադրվի, նախորդ վարչապետին անվստահություն հայտնել չի կարելի: Բացի այդ` վարչապետը որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, բայց կառավարության ծրագրի շրջանակներում: Համակարգում է նախարարների, փոխվարչապետերի գործունեությունը: Այդուհանդերձ, եթե նկատել եք, դրա համար եմ ասում` պետք չէ առանձին դրույթներ վերցնել և ֆրագմենտալ դիտարկել: Հաջորդ դրույթում շեշտվում է նախարարների ինքնուրույն պատասխանատվությունը նախարարության ղեկավարման համար, ավելին՝ հարցապնդումները նախարարներին, առանձին նախարարներին:

Սրանով շեշտադրվում է նախարարների ինքնուրույնությունը, ինքնավարությունը վարչապետի կողմից ուրվագծված այդ ընդհանուր, հիմնական ուղղությունների շրջանակներում: Հարցապնդումների արդյունքում խորհրդարանի կողմից առանձին-առանձին կարելի է անվստահություն հայտնել [նախարարներին]: Հետևաբար, հակակշիռներ, անշուշտ, ներդրվել են Սահմանադրության մեջ: Բայց ճիշտ լուծումն այս փուլում այն կլիներ, որ եթե մենք կիսանախագահական համակարգից անցնում ենք խորհրդարանականի, որ առնվազն որոշակի երկարատև հեռանկարի համար վարչապետն ունենար շեշտադրված դերակատարություն, այլ ոչ թե լիներ նախարարներից մեկը, ինչպես մի շարք երկրներում է:

Ես որքան հասկացա՝ ձեր առջև դրված հիմնական խնդիրներից մեկն է եղել ապահովել այնպիսի կառավարման համակարգ, որը կլինի կայուն և արդյունավետ:

– Անշուշտ: Շնորհակալ եմ արդյունավետ բառի շեշտադրման համար: Եվ կայունություն ոչ հանուն կայունության, այլ կայունություն հանուն արդյունավետ զարգացման:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև.

Exit mobile version