«Այդ ամենը մեր լայն օրակարգի մասն է, քանի որ ցանկանում ենք արմատական անցում կատարել օգնության տրամադրման վրա հիմնված հարաբերություններից դեպի առևտրա-տնտեսական և ներդրումային գործընկերություն»:
Տնտեսական և ներդրումային գործընկերության հարցերն են քննարկվել մասնավորապես այս շաբաթ կայացած ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի հետ, որն ի դեպ Օբամայի վարչակազմի օրոք հայ համայնքի հետ առանձին հանդիպում անցկացրած ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան է.
«Ընդհանուր առմամբ մենք քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև առավել սերտ գործընկերության զարգացման հեռանկարները»:
Համբարյանի խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև Որոտանի ՀԷԿ-ի գործարքը ճանապարհ հարթեցին տնտեսական գործընկերության զարգացման համար [Որոտանի ՀԷԿ-ը 180 մլն դոլարով Հայաստանի կառավարությունը վաճառել է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը: Սա ԱՄՆ-ից Հայաստանում երբևե եղած ամենամեծ մասնավոր ներդրումն է – ՍիվիլՆեթ]: Հոկտեմբերին Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների հատուկ պատվիրակություն, որը նախատեսում է ուսումնասիրել Հայաստանում վերարտադրվող էներգիայի զարգացման հնարավորությունները, ինչը կթուլացնի երկրի կախվածությունը դրսի էներգակիրներից:
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել: Անշուշտ, զարգանալու դեռ շատ տեղ կա, սակայն, մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ավելացրել է Արամ Համբարյանը: