Site icon CIVILNET

Առաջիկա օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում կմեկնարկի միջազգային աուդիտը

ENAՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում միջազգային խորհրդատվական ծառայության անցկացնելիք ուսումնասիրություններից հետո կառավարությունը կարտահայտի իր դիրքորոշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով. այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում օգոստոսի 17-ին «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես նշված է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում (ՀԷՑ) կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը, իսկ հանրությունը հնարավորություն կունենա ստանալու իր հարցերի պատասխանները:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ, ինչպես խոստացվել է, մինչև ուսումնասիրությունների ավարտը կառավարությունը կսուբսիդավորի էլէկտրաէներգիայի գնի բարձրացման գումարը (6.93 դրամ):

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին:

Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում:

Հուլիսի 6-ին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երկու շաբաթ տևած ցույցերից հետո, ոստիկանությունը Երևանի Բաղրամյան պողոտան ազատեց ցուցարարներից և բացեց երթևեկությունը: Պողոտան փակ մնաց երկու շաբաթ: Սա քաղաքացիական ընդվզման աննախադեպ դրսևորում էր Հայաստանում, որի հիմքում ընկած են ավելի շատ գործոններ, քան սոսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է:

Էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ զարգացումները, դրանց խորքային պատճառները և հնարավոր լուծումները՝ Սիվիլիթաս հիմնադրամի «#ElectricYerevan. Շարժման անատոմիան» խորագիրը կրող տեղեկանքում:

Exit mobile version