Համատարած համազգեստայնացումն ի ցույց է դնում անվտանգության բաղադրիչը քաղաքականության հետ առնչելու՝ մեր հանրության անկարողությունը։ Չկա այն բանի գիտակցումը, որ մեր քաղաքական ինքնիշխանության ռեսուրսների մսխումն ու քաղաքական սուբյեկտայնության կորուստն են դեպքերի զարգացումը տանում դեպի շփման գիծ։
Բանակն իր գերկարևորությամբ հանդերձ՝ չի կարող մեր անվտանգության միակ հույսն ու գրավականը լինել, ավելին՝ բանակի ամրության հույսն ու գրավականն էլ մեր համարժեք, միջազգային թրենդներին համահունչ քաղաքականությունը պիտի լինի։ Հայ զինվորի ապշեցուցիչ հերոսության համապատկերում մեր քաղաքական քայլերը պիտի խելամիտ, համարձակ ու նախահարձակ լինեն։ Դրա համար այսօր կան բոլոր նախադրյալները։
Քայլե՛րը չկան։ Նույն հնամաշ խոսքերն են, նույն խղճուկ կեցվածքը։ Նույն ջուրը և նույն ջրաղացը։ Հասկանում եմ՝ դժվար է։ Բայց զինվորի համար ավելի դժվար էր։