Site icon CIVILNET

Թուրքիայի սահմանապահները սպանում են սիրիացի փախստականներին. HRW

HRW report TurkeyԹուրքիայի սահմանապահները կրակ են բացում և ծեծում պատերազմից փախչող և Թուրքիայում ապաստան փնտրող սիրիացիներին, ինչի արդյունքում գրանցվում են զոհեր. այսպիսի եզրակացություն է արել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր մայիսի 10-ի զեկույցում: Փաստաթղթում մանրամասն նկարագրվում են սիրիացի փախստականների դեմ բռնության դեպքերը և նշվում դրանց հստակ ժամկետներն ու տուժածների թիվը:

HRW-ի զեկույցում ասված է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն սիրիացի փախստականների հետմղումը սահմանից այն կողմ և հետաքննեն սահմանապահների կողմից «ուժի ոչ համաչափ կիրառման դեպքերը»:

2016թ. մարտ և ապրիլ ամիսների ընթացքում Թուրքիայի սահմանային ծառայության զինծառայողները բռնություն են կիրառել սիրիացի փախստականների դեմ՝ սպանելով հինգ մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի, լրջորեն վիրավորելով 14 հոգու:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ երկիրը սիրիացի փախստականների հարցում վարում է «բաց դռների» քաղաքականություն և չնայած դրան՝ նոր սահմանային պատ է կառուցում»,- ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

«Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ բաց սահմաններով և գրկաբաց ողջունում են սիրիացի փախստականներին, մինչդեռ սահմանապահները սպանում և ծեծում են նրանց,- պատմել է HRW-ի՝ փախստականների հարցով ավագ փորձագետ Գերի Սիմփսոնը: – Պատերազմից մազապուրծ, վիրավորված տղամարդկանց, կանանց և երեխաների վրա կրակելը և անկանոն ռազմական գործողությունները սարսափելի են»:

Իրավապաշտպանները նշում են, որ 2015թ. օգոստոսի կեսից Թուրքիայի սահմանապահները սկսել են հետ մղել պատերազմից փախչող սիրիացիներին:

Ստորև՝ HRW-ի տեսանյութը:

***

Թուրք սահմանապահների կողմից սիրիացի փախստականների սպանության փաստին մարտի վերջին ուշադրություն էր հրավիրել The Times բրիտանական պարբերականը:

«Թուրք սահմանապահները կրակում են փախստականների վրա, որոնք մազապուրծ՝ փախչում են Սիրիայում քաղաքացիական պատերազմից»,- գրել էր թերթը:

Պարբերականի տվյալներով՝ 16 ներգաղթյալ, այդ թվում՝ երեք երեխա, սպանվել էին վերջին չորս ամիսներին:

Ստելլա Մեհրաբեկյան

Exit mobile version