Բարաք Օբաման կդառնա ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, ով երբևէ այցելել է Հիրոսիմա, որտեղ աշխարհում առաջին անգամ ատոմային ռումբ է պայթեցվել: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, աղետը վերապրածները նախագահից ներողություն չեն ակնկալում, սակայն հույս ունեն, որ նա կընդունի ԱՄՆ-ի կողմից օգտագործված ռումբի աղետալի հետևանքները:
1945 թվականի օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգները աշխարհում առաջին անգամ ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա՝ խլելով ավելի քան 140 հազար մարդու կյանք, ներառյալ նրանք, ովքեր աղետից հետո մահացան ճառագայթման հետևանքով:
Այսօր Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրում, որը գտնվում է պայթյունի էպիկենտրոնում, հիշում են նրանց, ովքեր տառապել և մահացել են պայթյունի հետևանքով:
«Մինչ մահանալս ես ուզում եմ տեսնել նախագահ Օբամային, ոչ թե նրա ներողության համար, այլ պարզապես որպես մարդ, նայել նրա դեմքին: Մենք մարդիկ ենք և կանգնած ենք նույն հողի վրա, ուզում եմ աղոթենք մահացածների համար»:
Հուշահամալիրի ներսում գտնվող թանգարանը պահպանել է աշխարհի առաջին ատոմային ռումբի պայթյունի լուսանկարներ ու աղետի մասին պատմող արվեստի գործեր:
Հաղթանակողների տեսանկյունից ատոմային ռումբի օգտագործումը փրկել է ամերիկացի բազմաթիվ զինվորականների կյանքեր և պատերազմը շուտափույթ ավարտին է հասցրել:
Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըռնեսթը ասել է, որ նախագահը ներողություն չի խնդրի կատարվածի համար, սակայն այցը կօգտագործի միջուկային զենքերի կիրառումից հրաժարվելու հարցում աշխարհին քաջալերելու համար։
Օբամայի այցը Հիրոսիմա նախատեսված է մայիսի 27-ին: