Site icon CIVILNET

Հայաստանը պատրաստ է մասնակցել Պալմիրայի վերականգնմանը

palmira.thumbՀայաստանի մշակույթի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Պալմիրայի վերականգնողական աշխատանքներին, հաղորդում է սիրիական Sana պետական լրատվական գործակալությունը:

Մայիսի 22-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է այդ երկրի մշակույթի նախարար Իսամ Խալիլին և փոխանցել Հայաստանի մշակույթի նախարարի առաջարկությունը, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել Պալմիրայի վերականգմանը:

Սիրիայի մշակույթի նախարարն իր երախտագիտությունն է հայտնել առաջարկության համար: Ըստ Sana-ի՝ նախարար Խալիլը տեղեկացրել է, որ Սիրիայում ստեղծվել է պետական հանձնաժողով, որը կմշակի Պալմիրայի վերականգնման պլանը:

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի մշակույթի նախարար Իսամ Խալիլի հետ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված սիրիական հինավուրց Պալմիրան 2015թ. մայիսին գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները և լուրջ վնասներ հասցրել քաղաքի ճարտարապետական կոթողներին: Պալմիրայում ահաբեկիչները սպանել էին ավելի քան 400 խաղաղ բնակչի:

Այս տարվա մարտի 27-ին Սիրիայի կառավարական ուժերն ազատագրեցին Պալմիրան:

Exit mobile version