Site icon CIVILNET

71 տարի առաջ երկնքից մահ ընկավ, և աշխարհը փոխվեց. Օբաման այցելեց Հիրոսիմա

Գալիս ենք սգալու զոհվածներին. Օբամա Գալիս ենք սգալու զոհվածներին. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դարձավ ԱՄՆ-ի առաջին ղեկավարը, որն ակցելեց Միացյալ Նահանգների կողմից ատոմային ռմբակոծության ենթարկված ճապոնական Հիրոսիմա քաղաք:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ միասին Օբաման այցելել է քաղաքի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել ատոմային հարձակման զոհերի հիշատակին:

«71 տարի առաջ՝ պայծառ ու անամպ մի առավոտ, երկնքից մահ ընկավ, և աշխարհը փոխվեց, – New York Times-ը մեջբերում է Օբամային:- Կրակի բռնկումն ու հրդեհի պատը ոչնչացրին քաղաքն ու ցույց տվեցին, որ մարդ արարածն այլևս ունի ինքն իրեն բնաջնջելու միջոց»:

«Ինչո՞ւ ենք մենք այցելում Հիրոսիմա: Գալիս ենք մտորելու ոչ այնքան վաղ անցյալում սանձազերծված սարսափելի ուժի մասին: Գալիս ենք սգալու զոհվածներին»,- հայտարարել է Օբաման՝ կոչ անելով աշխարհին հրաժարվել միջուկային զենքից:

Օբաման սեղմում է Հիրոսիմայի ռմբակոծությունը վերապրածի ձեռքը:

Օբաման հանդիպել և ձեռք է սեղմել նաև ատոմային ռմբակոծության մի քանի վերապրածների հետ: Նրանցից մեկի խոսքով՝ ինքը երբեք չէր կարող պատկերացնել, որ իր կենդանության օրոք նախագահը կայցելի Հիրոսիմա:

***

Ճապոնիա մեկնելուց առաջ NHK ճապոնական ազգային հեռարձակողին տված հարցազրույցում Բարաք Օբաման ասել էր, որ առաջիկա այցի ընթացքում ներողություն չի խնդրելու Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության համար. այցի նպատակն է «ընդգծել ԱՄՆ-ի և Ճապոնիայի սերտ հարաբերությունները»:

«Կարևոր է ընդունել, որ պատերազմի բոհում առաջնորդները տարբեր որոշումներ են կայացնում, սակայն հարցադրումներ անելն ու դրանք վերլուծելը պատմաբանների գործն է»,- ասել էր Օբաման:

Ամերիկացի մոտ 70 անվանի գիտնական և ակտիվիստ, այդ թվում՝ ռեժիսոր Օլիվեր Սթոունը և լեզվաբան Նոամ Խոմսկին, Օբամային կոչ էին արել հանդիպել Հիրոսիմա քաղաքի ռմբակոծության վերապրածների հետ և վերանայել ներողություն չխնդրելու իր որոշումը:

1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին Միացյալ Նահանգները աշխարհում առաջին անգամ ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Տարբեր գնահատականներով՝ Հիրոսիմայում զոհվեց 90-166 հազ., Նագասակիում՝ 60-80 հազ. մարդ:

Exit mobile version