Site icon CIVILNET

Ազատ խոսքը չի կարող սահմանափակվել վերևից

Հայաստանում ազատ խոսքի զարգացմանը նոր մարտահրավեր է նետվել։ Օրերս տպագիր ու էլեկտրոնային 15 լրատվամիջոցներ իշխանություններին կոչ են արել կարգավորել լրատվական դաշտը։ Նրանք նույնիսկ հարկային մարմիներին հորդորել են հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության և գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ։ Ավելին, նրանք պետական կառույցներին առաջարկել են իրենց միջոցառումների լուսաբանման համար չհավատարմագրել այդ լրատվամիջոցների լրագրողներին։

Այն, որ այս իշխանությունն անպատասխանատվության ամենաբարձր մակարդակն ունի, դրանում որևիցե մեկը կասկած չունի։ Ու եթե նման պայմաններում լրատվամիջոցները իշխանություններին կոչ են անում սահմանափակել ազատ մամուլը, ապա դա միայն հնարավորություն է ստեղծում իշխանությունների համար լինել էլ ավելի անպատասխանատու։ Ի դեպ իշխանությունը կարող է այդ գործիքը օգտագործել իր ուզած ձևով։ Ու այստեղ կարևոր չէ, թե վերը նշված լրատվամիոցներն ինչ նպատակ են ունեցել իշխանությանը նման կոչով դիմելու դեպքում։ Փաստն այն է, որ նրանք փորձում են սահմանափակել ազատ մամուլն ու ազատ խոսքը։

Երևի անիմաստ է հիշեցնել, որ ազատ մամուլն ու ազատ խոսքը մնացած բոլոր ազատությունների հենքն են, և եթե սահմանափակվում է դրանցից մեկը, հիմք է ստեղծվում մնացած ազատությունների սահմանափակման համար։ Իշխանության անպատասխանատվության դեմ լավագույն գործիքն ազատ խոսքն է։ Պետական մարմինները, որոնք հաճախ անպատասխանատու վարքագիծ են դրսևորում, պետք է լինեն ցանկացած տեսակի մամուլի վերահսկողության տակ։ Եվ նրանք, ովքեր պետական մարմիններին պաշտպանում են լրատվամիջոցներից, միայն հնարավորություն են տալիս իշխանություններին էլ ավելի անպատասխանատու լինել։

Ի դեպ, Հայաստանը միակ երկիրը չէ, որ ազատ խոսքի զարգացման հեռանկարը փորձել է սահմանափակել։ Նույնիսկ ներկայիս ժողովրդավարական երկրներն ունեցել են նման փորձ։ Դեռ 1643թ. թվականին Անգլիայի պառլամենտում քննարկվում էր մամուլի տպագրության կարգավորման օրենքը, որը նպատակ ուներ սահմանափակել, այսպես կոչված, վատ գաղափարների տարածումը։ Օրենքին ի պատասխան` գրող Ջոն Միլտոնը 1644թ .հրապարակեց Արեոպագիտիկա (AREOPAGITICA) ելույթը, որում նա հիմնավորում է, թե ինչու չպետք է սահմանափակվի ազատ խոսքը։ Միլտոնը գտնում է, որ ճշմարտությունը չպետք է սահմանափակվի պետական ստանդարտներով։ Նա փաստարկում էր, որ ցանկացած մարդ ռացիոնալ էակ է, ունի կամք և խիղճ, այդ իսկ պատճառով հենց կարդացող մարդը պետք է մերժի որևիցե գաղափար, այլ ոչ թե պետական մարմինները։

Հայաստանում էլ քաղաքացին ռացիոնալ է և ունի կամք, այդ իսկ պատճառով ընտրությունը պետք է թողնել քաղաքացուն։ 15 լրատվամիջոցների այս նախաձեռնությունը պետական մարմիններին ազատ խոսքը սահմանափակելու հնարավորություն շնորհելու փորձ է։ Իսկ դա միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ լրատվական դաշտի վրա։

Խոսքի ազատությունը բացարձակ արժեք պետք է լինի, որպեսզի հնարավորություն լինի հասարակության համար զարգանալ և ժողովրդավարական հասարակություն կառուցել։ Հենց այդ բացարձակ սկզբունքն է թույլ տալիս, որ հնարավորինս շատ գաղափարներ, մտքեր ու տեղեկատվություն շրջանառության մեջ դրվի, ու լուծում տրվի գոյություն ունեցող խնդիրներին։ Այդ իսկ պատճառով բացարձակ մեծամասնության դեպքում խոսքի ազատությունը սահմանափակող նախաձեռնությունների դեմ պետք է պայքարել։

Բոլոր հասարակություններում էլ կարող են անպատասխանատու անձեր լինել, բայց դա չի նշանակում, որ պետք է սահմանափակել խոսքի կամ մամուլի ազատությունը։ Լրատվականները կարող են գոյություն ունեցող խնդիրների լուծման գործիքների մասին մտածել, բայց իշխանությունը պետք է դուրս լինի այդ լուծումներից։

Exit mobile version