Site icon CIVILNET

ԼՂ հարցով բանակցություններն ավելի մոտ են հաջողության, քան երբևէ. Լավրով

Mamed LavrovԼՂ հարցի շուրջ բանակցություններն ավելի մոտ են հաջողության, քան երբևէ, սակայն դեռ վաղ է բացահայտել մանրամասները. այսօր Բաքվում ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հիմքեր կան ենթադրելու, որ այս անգամ մենք շատ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան երբևէ»,- TASS գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը՝ հավելելով, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած՝ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կայացված պայմանավորվածությունների մանրամասներ չի բացահայտելու:

«Հասկանալի պատճառներով մենք հրապարակայնորեն չենք քննարկում այն գաղափարների մանրամասները, որոնք քննարկվել են հանդիպման շրջանակում: Երեք երկրների առաջնորդները հունիսի 20-ի հանդիպումից հետո պայմանավորվել են, որ զգուշորեն են վերաբերվելու ծագող հույսի նշույլներին: Ոչ որովհետև ինչ-որ բան ենք թաքցնում. դա պարզապես բանակցային էթիկայի նորմ է»,- նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Սերգեյ Լավրովը պատմել է, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցել է «հանգամանալից, անկեղծ և վստահության վրա հիմնված» երկխոսություն:

«Քննարկել ենք երկկողմ հարաբերություններն ու հստակեցրել հետագա քայլերը, որոնք պետք է և կարող են առաջ մղել Ղարաբաղյան կարգավորման գործընթացը»,- նկատել է Սերգեյ Լավրովը:

Էլմար Մամեդյարովն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում գտնվում են ինտենսիվ երկխոսության, անգամ՝ եռախոսության ձևաչափում:

Մամեդյարովն ասել է, որ ՌԴ արտգործնախարից ԼՂ կարգավորման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը «Բաքվին դրականորեն է տրամադրում»:

Exit mobile version