Site icon CIVILNET

Հայկ Խանումյանի ծեծի դեպքով գործը կարճվել է

KH-HԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընդդմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է համաներման հիմքով։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց ինքը՝ Խանումյանը։

Նրա փաստաբան Հայկ Ալումյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են համաներման որոշումը բողոքարկել ԼՂՀ բոլոր հնարավոր դատական ատյաններում, ապա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Նրա խոսքով՝ կայացվել է խայտառակ որոշում, որը ստորագրած անձինք որպես իրավաբան լուրջ կասկածի տակ են դրել իրենց հեղինակությունը։

ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտի կենտրոնում դաժան ծեծի էր ենթարկվել այս տարվա հունիսի 6-ին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` առևանգելու փաստով։ Օրեր առաջ Խանումյանի ծեծի դեպքով գործը վերավորակավորվեց առևանգումից խուլիգանության։ ԼՂՀ ԱԺ պատգամավորն այս կապակցությամբ մտավախություն էր հայտնել, որ սա հնարավորություն կտա գործով մեղադրյալներին համաներումով ազատվել։

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ ավելի վաղ, հանդես էր եկել հայտարարությամբ, որում դատախազությանը կոչ էր արել հանրությանը պարզաբանել վերաորակման փաստական և իրավական հիմնավորումը։

Արցախում համաներումը հայտարարվում է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ։

Exit mobile version