Site icon CIVILNET

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել սիրիահայությանն աջակցության հարցերով

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ հոկտեմբերի 10-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը զեկուցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ: «Ներկայացվել են նաև վերջին 5 տարում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացված կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերը, ինտեգրման և բիզնես ծրագրերին ընդառաջելու հնարավորությունները:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան պետական մարմիններին, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների հետ, շարունակել համակարգված աշխատանքներն այս ուղղությամբ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

***

Այս օրերին Հալեպի հայությունը, ինչպես քաղաքի ամբողջ բնակչությունը, պատերազմական գործողությունների ուժգնացման հետևանքով գտնվում է օրհասկան վիճակում։ Քաղաքում սեպտեմբերի վերջին սրված իրադրության կապակցությամբ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին հանձնարարել էր երկու օդանավով մարդասիական օգնություն հասցնել Սիրիա։ Օդանավերից առաջինը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա էր ժամանել հոկտեմբերի 4-ին, երկրորդը՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին։ Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ Հայաստանից հումանիտար օգնությամբ շարասյունը ժամանել է Հալեպ:

Սիրիահայերին Հայաստան տեղափոխման հարցում ֆինանսապես աջակցելու պատրաստակամություն է նախօրեին հայտնել Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը։

Հալեպում տիրող օրհասական դրության վերաբերյալ ՍիվիլՆեթը օրերս զրուցել էր Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանի (Մանուէլ Քեշիշեան) հետ: Նա նշել է, որ այսօր Հալեպում կա 8-ից 10 հազար հայ, հայկական բոլոր դպրոցների աշակերտության թիվը մոտ 2 հազար է, կան հազարից ավելի 70 տարեկանից բարձր անձինք: Մեկ շաբաթից ավելի է՝ ջուր չկա: Էլեկտրականություն կա՝ միայն գեներատորներից, և այն շատ թանկ է.

«Համայնքը ծայրաստիճան աղքատացած է, և մեծ մասամբ ծայրը ծայրին է հասցնում տարբեր հաստատություններից ստացած օգնություններով»,- տեղեկացրել էր Քեշիշյանը: Նա նաև տարակուսանք էր հայտնել Հայաստանի իշխանությունների վերջին օգնության առնչությամբ:

Exit mobile version