Site icon CIVILNET

Խաղաղությունը չի կարող պարտադրվել կողմերին․ Ուորլիք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացել է քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ։ Սա մի բան է, որ մենք բոլորս պետք է ողջունենք․ այսպիսի հայտարարություն արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Ալիևի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղն ապագայում, պայմանավորվածության դեպքում, կարող է լինել ինքնավար հանրապետություն։

Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը ամերիկացի համանախագահն ասաց, որ կարգավորման բոլոր տարրերը քննարկման փուլում են, և իրենք ցանկանում են ամբողջական և անկեղծ քննարկում ոչ միայն առանձնազրույցներում, որ ունենում են նախագահները համանախագահների հետ, այլև, որ նման քննարկում լինի նաև հասարակության հետ։ «Մենք պետք է անկեղծ քննարկում ծավալենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Դիրքորոշումները կողմերի միջև կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ այս հարցերը հասարակության դատին ներակայացվեն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»,- ասաց նա։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անցյալ ամիս արած հայտարարությունը, թե կողմերը դեռ պատրաստ չեն կարգավորման, ամերիկացի համանախագահն ասաց, որ վերջին տարիներին պետքարտուղար Քերին մտահոգ է խաղաղ կարգավորման հարցերով, և Միացյալ Նահանգները մյուս համանախագահների հետ միասին պատրաստ է առաջ շարժվել բանակցային ճանապարհով։ Նա նշեց, որ ցանկանում են քաղաքական կամք տեսնել նախագահների կողմից՝ շարժվելու առաջ։

Անդրադառնալով կարգավորման գործընթացին՝ Ուորլիքը կրկնեց եռանախագահների կողմից պարբերաբար հնչեցվող այն միտքը, որ խոսքը համապարփակ լուծման մասին է՝ այն տարրերի, որոնք պետք է լինեն սեղանին և քննարկվեն։ «Համատեքստից չենք կարող առանձնացնել մի խնդիր։ Եթե կա հարակից տարածքների վերադարձի հարց, ուրեմն պետք է լինի նաև քննարկում կարգավիճակի մասին։ Պետք է խոսենք նաև փախստականների վերադարձի, ներքին տեղահանվածների, միջազգային խաղաղապահ ուժերի մանդատի մասին,- սրանք բոլորը այն տարրերն են, որոնք համապարփակ լուծման մաս են։ Կողմերից ոչ մեկը չի կարող իրեն ձեռնտու տարր վերցնել, սա փաթեթ է»,- ասաց նա։

Ամերիկացի համանախագահը հրաժարվեց մեկնաբանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն Վյաչեսլավ Տրուբնիկովի հայտարարությունը, որը վերաբերում էր քիվեսթյան գործընթացին և ձեռք բերված համաձայնությունը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի շրջապատի կողմից ձախողելուն՝ նշելով, որ նկատառումներ չունի այդ հարցի շուրջ։

Համանախագահների՝ կողմերի վրա ճնշում գործադրելու լծակների վերաբերյալ հարցին նա պատասխանեց՝ ասելով, որ իրենք միջնորդներ են և նման մանդատ չունեն։

Ո՞րն է այն հնարավոր արդյունքը, որ ընդունելի կլինի համանախագահների համար․ այս հարցին Ուրոլիքը պատասխանեց․ «Սա հարց չէ, որը պետք է ընդունելի լինի միջնորդների համար, այլ հարց է, որը պետք է ընդունելի լինի կողմերի համար։ Խաղաղությունը չի կարող պարտադրվել կողմերին»։

Ուորլիքը նշեց, որ որպես միջնորդներ՝ իրենք կառաջարկեն գաղափարներ, սակայն ի վերջո որոշում ընդունողը նախագահներն են։

Exit mobile version