Հայկական CodeFights սկսնակ ՏՏ ընկերությունը 10 միլիոն դոլար ֆինանսավորում է ստացել ամերիկյան e.ventures ներդրումային հիմնադրամից, հաղորդում ՏՏ ոլորտի նորությունների techcrunch.com կայքը։
CodeFights-ի հիմնադիր և տնօրեն Տիգրան Սլոյանը կայքին ասել է, որ իրենց ընկերության օգտատերերի բազան տասն անգամ ավելացել է անցյալ տարվա ապրիլից հետո, երբ հայտարարել էին 2,4 միլիոն դոլար նախնական ներդրում ներգրավելու մասին։
Նախագծի հիմնադիրներն են Տիգրան Սլոյանը՝ MIT-ի շրջանավարտ, Google-ի նախկին աշխատակից, որը բնակվում է Սան Ֆրանցիսկոյում, և Արամ Շատախցյանը՝ Երևանից: Շատախցյանն ասում է, որ ընկերությունների համար հեշտ չէ տաղանդներին բացահայտելը, նույնիսկ նրանց հետ հարցազրույցների ընթացքում: Code Fights-ի հարթակը ծրագրավորողների մասնագիտական որակները բնութագրող վիճակագրական տվյալներ է հավաքում, որոնք շատ արժեքավոր կարող են լինել գործատուների համար:
CodeFights-ը հայաստանյան «Գրանատուս Վենչուրս» ներդրումային հիմնադրամի պորտֆելային ընկերություններից է։ «Գրանատուս Վենչուրսը» CodeFights-ի առաջին ներդրողներից է և մասնակցել է ֆինանսավորման առաջին ռաունդին։
Լուսանկարում՝ CodeFights-ի համահիմնադիր Արամ Շատախցյանը