Site icon CIVILNET

Եթե ստում ես, ավելի լավ է ճշմարտություն ստես․ ադրբեջանցի լրագրողը՝ պրոպագանդայի մասին

Կովկասյան jam-news.net հնգալեզու (անգլերեն, ռուսերեն, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն) կայքը հրապարակել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Բաքվի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաևի հոդվածը ադրբեջանական պրոպագանդայի մասին: «Եթե ստում ես, ավելի լավ է ճշմարտություն ստես» վերնագրով հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացված է ստորև:

«Դու ասացիր, ես հավատացի, դու կրկնեցիր, ես կասկածեցի, դու սկսեցիր պնդել և ես հասկացա, որ դու ստում ես» (չինական ասացվածք):

Վիճակագրությունը գիտի ամեն ինչ: Այդ թվում՝ յուրաքանչյուր երկրի և դրա յուրաքանչյուր շրջանի տարածքի մակերեսը: Եվ տարրական դասարանների ցանկացած աշակերտ, զինվելով հաշվիչով ու տեղեկատուով, կարող է հաշվել, թե մի քանի առանձին շրջանների տարածքը երկրի տարածքի քանի տոկոսն է կազմում: Տարրական հաշվարկներ անելիս համոզվում ենք, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մոտ 14%-ը օկուպացված է՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի տարածքը: Սակայն Հեյդար Ալիևի թեթև ձեռքով 1994թ. սկսած՝ պաշտոնական անձինք ու նրանց ձայնակցող իշխանամետ մամուլը համառորեն խոսում են օկուպացրած տարածքների 20%-ի մասին:

Թվերի կախարդանքը շարունակվում է զարգացած սոցիալիզմի դարաշրջանի բարի ավանդույթների ոճով: Հիշում եմ այն դրվագը, երբ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևը հաջորդ տարվա համար 600 հազար տոննա բամբակ հանձնելու պարտավորություն վերցրեց: Իսկ Բաքվում գտնվող Բրեժնևն անփութորեն ասաց. «Կլորացրեք մինչև մեկ միլիոն» (բուռն և տևական ծափահարություններ, որոնք փոխակերպվում են օվացիաների):

Վերջերս Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդիումում ելույթ ունենալիս նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովն ասաց. «Ադրբեջանի տարածքների 20%-ն, այդ թվում՝ Ադրբեջան-Իրան պետական սահմանի 132 կմ-ն ու Ադրբեջան-Հայաստան պետական սահմանի 733 կմ-ն օկուպացված է Հայաստանի ԶՈՒ կողմից»: Մենք չենք կասկածում, որ պրոֆեսոր Հասանովը կարողանում է օգտվել հաշվիչից, և որ այդ «20%-ը» Հեյդար Ալիևի հիշատակը հարգելով է ասում: Դե, չէր կարող Մեծն նավավարը սխալվել, իսկ ով կասկածում է, նա ջուր է լցնում… ջրաղացին և այլն: Սակայն որտեղից հայտնվեց Հայաստանի հետ 733 կմ սահմանը:

Կրկին դիմում ենք տեղեկատուի օգնությանը: Հայաստանի հետ Ադրբեջանի ընդհանուր սահմանը կազմում է 1007 կմ: Դրանցից 246 կմ-ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանն է: Ստացվում է, որ Հայաստանի հետ «ցամաքային» Ադրբեջանի սահմանը կազմում է 1007-246=761 կմ (այստեղ հաշվիչ էլ պետք չէ): Եթե հավատանք հարգելի պրոֆեսոր Հասանովին, ապա դրանցից 733 կմ-ը հայկական օկուպացիայի տակ է: Այսպիսով կստացվի, որ Քելբաջարի հյուսիսային կետից (Մռավի լեռնաշղթա) մինչև Սադախլու գյուղը (երեք հարավկովկասյան երկրների ընդհանուր կետը) սահմանի երկայնքը կազմում է ընդամենը 28 կմ: 5 շրջանները տեղավորվել են 28 կմ-ի մեջ:

Մեկ այլ օրինակ: 1994թ․ այնպիսի բառերն, ինչպիսիք են «հանդուրժողականությունը», «բազմամշակութայնությունը», նորաձև չէին, դրանք այսօր են կազմում Ադրբեջանի պետական պրոպագանդայի կարմիր գիծը: Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, առանձին թեմա է: Սակայն այն ժամանակ արդեն մեր բանագնացները տարբեր միջազգային համաժողովներում հպարտորեն ասում էին, որ Բաքվում, չնայած կոնֆլիկտին, 30 հազար հայ է ապրում, այն պարագայում, երբ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել: Եվ իրոք, Բաքվում մինչ այսօր ապրում են հայեր, մեզնից՝ բաքվեցիներիցս, յուրաքանչյուրը հավանաբար նման ծանոթ ունի: Դա հիմնականում տարեց կանայք են, որոնք ամուսնացած են ադրբեջանցու հետ: Հարևանները նրանց ճանաչում են և չեն թողնի, որ նեղացնեն:

Սակայն հակամարտության սկզբից արդեն գրեթե 30 տարի է անցել: Մի՞թե տարօրինակ չէ, որ այդ 30 հազար թիվը չի կրճատվում: Մի՞թե այս ընթացքում Բաքվի հայերից ոչ ոք չի մեկնել կամ մահացել: Վերջերս լսել եմ, որ 30 հազարն արդեն 40 հազար է դարձել: Նրանք դեռ հաջողացնում են բազմանալ այդ պայմաններում:

Մի կողմ թողնենք մաթեմատիկան և անցնենք մի այնպիսի հումանիտար ոլորտի, ինչպիսին է պատմությունը, որի դոկտոր է հարգելի Հասանովը: Բազմաթիվ անգամ ամենաբարձր մակարդակում հնչել են խոսքեր, որոնց համաձայն, Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի 1918թ․ մայիսի 29-ի որոշմամբ Ադրբեջանը Երևան քաղաքը փոխանցել է Հայկական Հանրապետությանը: Նախագահն է այդ մասին ասել: Որպես ապացույց՝ իշխանամետ լրագրողներն ու հետազոտողները նշում են այն արձանագրության ֆաքսիմիլեն, որը Word փաստաթղթում լատինատառ հավաքած տեքստ է՝ լազերային տպիչով տպված:

Մանրուքների հետևից չընկնենք և չհարցնենք, թե ուր է փաստաթղթի օրիգինալը, որն առաջին հերթին պետք է գրված լիներ արաբերեն կամ ռուսերեն տառերով, սակայն մինչհեղափոխական ուղղագրությամբ, ինչպես այն ժամանակվա մնացած փաստաթղթերը: Պարզապես հարցադրում անենք՝ ինչպե՞ս կարող էր Ազգային ժողովն այլ քաղաքներ փոխանցել (կամ չփոխանցել) մայրաքաղաք դարձնելու համար, եթե այն այդ ժամանակ տեղակայված էր Թբիլիսիում և նույնիսկ սեփական մայրաքաղաքը չէր տնօրինում:

Դա դիվանագիտական ընթացակարգ էր. Հայկական Հանրապետության ճանաչումը՝ մայրաքաղաք Երևանով: Այն ժամանակ մեկ այլ տարբերակ էլ կար՝ մայրաքաղաք Ալեքսանդրապոլով (ներկայիս Գյումրի), սակայն Օսմանյան Թուրքիան դեմ էր այդ տարբերակին, քանի որ Ալեքսանդրապոլն անմիջապես սահմանին էր, և որպես այլընտրանքային տարբերակ՝ Երևանն առաջարկվեց (ի դեպ, մեծ թվով ադրբեջանական թյուրքերով բնակեցված):
Սակայն ամեն անգամ կրկնվող «Մենք ենք Երևանը Հայաստանին փոխանցել, քանի որ նրանք մայրաքաղաք չունեին» արտահայտությունն արդեն ամրապնդվել է ադրբեջանական հասարակությունում:

Հակամարտության առաջին տարիներին մենք հաճախ և արդարացիորեն բողոքում էինք տեղեկատվական բլոկադայից, որ Ադրբեջանի ձայնը լսելի չէ ո՛չ ռուսական, ո՛չ միջազգային լրատվամիջոցներում: Այն ժամանակ հնարամիտ կերպով «բազմաչարչար հայ ազգի կերպարը ստեղծվեց», որն ազատություն է ուզում, իսկ չար «թուրք-մուսուլմաններն» ու նրանց կուսակցապետական ղեկավարությունը ազատություն չի տալիս, և ընդհակառակը, կոտորում և վտարում է նրանց:

Եվ ահա ժամանակները փոխվեցին: Իր էներգառեսուրսների շնորհիվ Ադրբեջանը հարուստ երկիր դարձավ, այդ տեղեկատվական բլոկադան ճեղքելու հնարավորություն ստեղծվեց: Արդարության համար նշենք, որ այդ ոլորտում որոշակի հաջողություններ կան: Սակայն դրանց հասել ենք հիմնականում առանձին էնտուզիաստների ճիգերի շնորհիվ, երբեմն անգամ՝ ի հեճուկս կենտրոնացած պետական տեղեկատվական քաղաքականության:

Ահռելի նյութական ռեսուրսներ են ծախսվում բացահայտ ոչ արդյունավետ նախագծերի վրա: Օրինակ՝ ինչեր արժեցավ 3 հայ մարգինալ «ակտիվիստների» ժամանումը Բաքու, որոնցից երկուսը վաղուց Հայաստանում չեն ապրում, իսկ երրորդին այնտեղ ոչ ոք չի ճանաչում (հետաքրքիր է, ի դեպ, թե ուր է նա): Մի՞թե մեր իշխանությունները լրջորեն հաշվարկել էին, որ այդ միջոցառման օգնությամբ նրանք գեթ մեկ միլիմետր կմոտենան ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Դժբախտությունն այն է, որ երևի իրոք լրջորեն հաշվարկել էին:

Այստեղ երկար-բարակ չեմ գրի այն դեպքերի մասին, որոնք անհեթեթության են հասնում: Օրինակ՝ պետական սպորտային հեռուստաալիքի հաղորդավարները երկար ժամանակ պարզապես չէին արտասանում Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մխիթարյանի ազգանունը, ասում էին, որ «գոլ խփեց 10 համարի խաղացողը», լավագույն դեպքում՝ «անկյունայինն իրացնում է Հենրիխը»: Կամ այդ նույն սպորտային նորություններում կարելի է լսել. «Ադրբեջանցի ըմբիշը թիակների վրա է գցել հակառակորդ-հային»: Ստուգելիս պարզվում է, որ ադրբեջանցին ներկայացնում է Ուկրաինան, հայը՝ Իտալիան: Սակայն եթե հայը հաղթում է ադրբեջանցուն, այդ մասին, որպես կանոն, լռում են:

Քննադատներն ու կեղծ հայրենասերները կարող են հարցնել՝ իսկ մի՞թե հայկական կողմը նման մեթոդների չի դիմում: Դիմում է, իհարկե, այն էլ ինչպես: Սակայն տարբերությունն այն է, որ նրանց պրոպագանդան, որպես կանոն, ավելի հնարամիտ է, այն բարդ է միայն հաշվիչով ահա այսպես հեշտությամբ մերկացնել: Երկրորդ հերթին, ինձ՝ Ադրբեջանի քաղաքացուս, ավելի շատ անհանգստացնում է այն, թե ինչ է տեղի ունենում մեզ մոտ, իսկ հայկական պրոպագանդայի մասին, հուսով եմ, անաչառ կգրեն իմ հայ գործընկերները:

Հոդվածն ավարտում եմ 20-րդ դարի քաղաքական պրոպագանդայի անգերազանցելի վարպետի խոսքերով. «Պրոպագանդան կորցնում է ուժը, հենց ակնհայտ է դառնում»:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Exit mobile version