Site icon CIVILNET

Արցախում երկու զինվոր ծանր վիրավորում է ստացել (թարմացված)

Դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում երկու զինվոր ծանր վիրավորվել է։ Վիրավորները տեղափոխվել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ։ «Ազատությանը» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը փոխանցել է, որ զինծառայողների վիճակը կայուն ծանր է։

Զինծառայողներից Կարապետ Միքայելյանը, ժամկետային զինծառայող, 19 տարեկան, ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ Քաջիկ Բադալյանը, պայմանագրային զինծառայող, 24 տարեկան, որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը:

«Ազատությանը» պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ներկայում սահմանին վիճակը լարված չէ․ «Այսօր զոհեր և վիրավորներ չենք ունեցել, նախորդ օրերին երկու վիրավորված զինծառայողների մասին զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանն արդեն նշել է»: Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները չեն պարզաբանում, թե ինչ հանգամանքներում են ծանր վիրավորում ստացել երկու զինծառայողները:

Երեկ երեկոյան, ի պատասխան ֆեյսբուքյան գրառումների, որ առաջնագծում իրավիճակը լարված է, և կան վիրավորներ, Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր՝ Ֆեյսբուքում գրելով, թե «լարվածություն չկա, վիրավորներ ու զոհեր չկան»։

Տարածված լուրերին, որ Մարտունու շրջանի դիրքերում տեղի են ունենում ակտիվ մարտական գործողություններ, երեկ երեկոյան արձագանքել է նաև Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ լուրի հավաստիությունը ստուգելու նպատակով այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ։ «Տեղում պարզեցի, որ հոսպիտալը աշխատում է սովորական ռեժիմով, և այսօր՝ դեկտեմբերի 1-ին որևէ վիրավոր չի ընդունվել։ Երեկ ընդունվել է մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Եվս մեկ վիրավոր տեղափոխվել է Երևան»,- գրել է նա։

Լուսանկարը՝ Ինտերֆաքսի

Exit mobile version