Site icon CIVILNET

Իտալիան մերժեց Իտալիկումը․ վարչապետ Ռենցին հրաժարական է տալիս

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է պարտությունը կիրակի կայացած հանրաքվեի ընթացքում, որով փոփոխություններ էին առաջարկվում խորհրդարանական կառավարման մոդելում։ Խոսքը խորհրդարանում «կայուն մեծամասնության» դրույթի մասին է, որը ստացել է «Իտալիկում» անվանումը։ Հայաստանում 2015թ․ սահմանադրական փոփոխությունների ընթացքում ամենաշատ վկայակոչվող դրույթն էր։

Մատեո Ռենցին հայտարարել է, որ թեև քվեների ամբողջական հաշվարկը դեռ չի ավարտել, սակայն նախնական արդյունքներն արդեն իսկ ցույց են տալիս, որ ընտրողները մերժել են առաջարկվող փոփոխությունները։ Հանրաքվեից առաջ նա հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե փոփոխությունները մերժվեն։

«Ներկայում իտալական ժողովրդավարությունը հենվում է խորհրդարանական կառավարման վրա։ Երբ մենք քննարկման էինք դնում վստահության հարցը, մենք առաջարկում էինք պարզեցնել այդ համակարգը, վերացնել երկպալատ խորհրդարանը, էժանացնել քաղաքական կառավարման արժեքը և մեծացնել ուղղակի ժողովրդավարության շրջանակը։ Հենց այդ բարեփոխումն էինք դրել հանրաքվեի։ Մենք բավարար համոզիչ չէինք, փաստորեն։ Կներեք ինձ, ես հեռանում եմ առանց ափսոսանքի»,- ասել է Ռենցին։ Նա վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2,5 տարի։

Իտալիկումը և Հայաստանը

Իտալական հանրաքվեին՝ Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունների համատեքստում անդրադարձել է իրավաբան Վահե Գրիգորյանը։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ քաղաքական այս իրադարձությունը կարծես Brexit-ով նշանավորված գործընթացի տրամաբանության մեջ է, սակայն Հայաստանի համար այն ունի մեկ այլ, իմ կարծիքով ավելի կարևոր՝ իրավական-քաղաքական նշանակություն:

«2005-ից իտալական սահմանադրությամբ ամրագրված է ընտրակարգային մի մոդել, որի ըստ էության կրկնօրինակը ներմուծվեց նաև մեր Սահմանադրություն 2015թ. դեկտեմբերին: Իտալիայում այս ընտրական մոդելը հայտնի դարձավ porcellum անվամբ (այս անվանումն առաջացել է այս մոդելի ներդրման ջատագովներից մեկի բնորոշումից, որը խոսելով դրա մասին անվանել էր այն una porcata»,- գրել է Գևորգյանը՝ մանրամասնելով, որ ըստ այդ մոդելի՝ ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժը պառլամենտում (ստորին պալատում) ստանալու էր բոնուս ձայներ՝ այսպես կոչված «կայուն մեծամասնություն» (55%՝ անկախ իր հավաքած ձայների քանակից) դառնալու համար:

«2013թ. porcellum-ը հակասահմանադրական ճանաչվեց Իտալական Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ դրա քաղաքական հակամրցակցային բնույթի պատճառաբանությամբ: Եվ քանի որ սահմանադրական դատարանի այս որոշումը Իտալական Հանրապետությանը կանգնեցրել էր սահմանադրական փոփոխության անհրաժեշտության առջև, Ռենցին առաջարկեց porcellum-ի պակաս ռադիկալ տարբերակ, որը հայտնի դարձավ Italicum անվամբ: Ինչևէ, երեկ իտալացիները մերժեցին նաև Italicum-ը, որի դեմ քվեարկելու հիմնական արգումենտներից մեկն էլ una porcata-ն այլ անվանմամբ՝ Italicum, ժողովրդին հրամցնելն էր, որն իտալացիները մերժեցին նույնիսկ դրա պակաս ռադիկալ տեսքով:

Հետ վերադառնանք Հայաստան: Այս երկու պետությունները՝ Հունաստանը և Իտալիան, վկայակոչվում էին որպես «կայուն մեծամասնության» մոդելի ընտրակարգի պետություններ 2015թ. դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի նախօրեին՝ Սահմանադրության փոփոխությունների քարոզչության ողջ ընթացքում, որպես արդեն ընտրական համակարգի բարեփոխման մի նորամուծություն, որն իբրև համադարման է անկայուն խորհրդարանական պետությունների համար:

Իրականում սա նորամուծություն չի եղել նաև Իտալիայում և Հունաստանում: Այս մոդելն առաջին անգամ ընտրական համակարգ է Եվրոպայում ներմուծել Բենիտո Մուսոլինին նույն Իտալիայում, որի մասին հայաստանյան «սահմանադրագետ-ամենինչագետները» հաշվենկատորեն լռում էին քարոզչության ողջ ընթացքում: Չեմ բացառում նաև, որ այդ մասին դրանց մեծամասնությունը նույնիսկ տեղյակ էլ չի եղել: Ինքնին, միայն Մուսոլինիի կողմից համանման մոդելի կիրառությունը դա չի դարձնում անպիտան: Բայց, համաձայնվեք, որ «ավելի ժողովրդավարական կառավարման» համակարգի փնտրտուքով Մուսոլինիի հորինած մոդելի աստիճան ռադիկալ մոդելի հանգելը una porcata անվանման վերաբերյալ մտածելու տեղիք տալիս է:

Ինչևէ, արձանագրենք, որ «կայուն մեծամասնության» մոդելի կիրառության փորձը Եվրոպայում անխոչընդոտ շարունակությունը պահպանեց այլևս միայն «աղքատ բարեկամի» քաղաքական կարգավիճակում հայտնված Հունաստանում:

Կարծում եմ, որ իսկը ժամանակն է քաղաքագետներին և իրավագետներին կենտրոնանալ հայկական una porcata-ի վրա՝ 2017թ. ընտրություններին ընդառաջ»:

Արմենիկում՝ Իտալիկումի փոխարեն

Իտալիկումի խնդիրներին ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել էր իտալացի մասնագետ Մարթա Ռեգալիան՝ պնդելով, որ խորհրդարանական մեծամասնությանը զսպելու հակակշիռներ են պետք։ Իտալիկումի մոդելի թերություններին անցյալ տարվա հուլիսին, մինչև Հայաստանում դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն, անդրադարձել էր իրավաբան Արմեն Մազմանյանը։

Exit mobile version