Site icon CIVILNET

Համբուրգում 3+2 ձևաչափով հանդիպման հնարավորությունը քննարկվում է․ ՌԴ ԱԳՆ

Դեկտեմբերի 8-ին և 9-ին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստի շրջանակում Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ 3+2 ձևաչափով հանդիպման հնարավորությունը քննարկվում է․ այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ եթե պայմանավորվածություն կայացվի հարցի շուրջ, տեղեկությունն այդ մասին կտարածվի։

«Տվյալ պահին նման հանդիպման հնարավորությունը քննարկվում է»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ եթե նման հանդիպում տեղի ունենա, ռուսական կողմը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանդիպումը լինի «կառուցողական և արդյունավետ»։

Նոյեմբերի վերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Բաքուն կողմ է Համբուրգում ԱԳ նախարարների հանդիպման՝ 2+3 ձևաչափով անցկացմանը։

«Երբ ես Ֆրանսիայում էի, առաջարկ եղավ, որ հանդիպումն անցնի 2+3 ձևաչափով»,- APA գործակալության փոխանցմամբ՝ ասել էր Մամեդյարովը։ Նա հայկական կողմի մեղադրել էր հանդիպումներից խուսափելու մեջ։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցյալ շաբաթ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ նման հանդիպում չի բացառում, սակայն այն դեռ հաստատված չէ։

Exit mobile version