Site icon CIVILNET

Ադրբեջանը «հարցականի տակ դրեց» և «աղավաղեց» Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանի և եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Ադրբեջանը հարցականի տակ դրեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի աղավաղեց դրանք, որ եռանախագահող երկրները դրանք կոչեցին այլասերում․ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Դեկտեմբերի 29-ին Չինարիում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի նպատակի մասին հարցին ի պատասխան՝ Նալբանդյանն ասաց․ «Ոմանք հարց են տալիս, թե ինչո՞ւ է դա արվել, և ո՞վ է հրամանը տվել՝ Ադրբեջանի ղեկավարությո՞ւնը, թե՞ տեղական հրամանատարներ, կամ ինքնաբուխ է արվել խելքը կորցրած դիվերսանտների կողմից։ Բոլոր տարբերակները շատ վատ են։ Ասենք՝ Ադրբեջանի ղեկավարությունն է այդ հրամանը տվել։ Դա մեկնաբանությունից վեր է, չնայած որևէ մեկը կասկած չունի, որ նա ունակ է այդպիսի հրամաններ տալու, որովհետև հենց Բաքուն է հրաժարվում հրադադարի ռեժիմի ամրապնդումից։ Ասենք՝ բացառություն էր այս անգամ և ղեկավարությունը չէր այս անգամ, այլ ինչ-որ տեղական հրամանատարներ։ Դա խոսում է նրա մասին, որ ադրբեջանական բանակում բեդլամ է։ Այսինքն՝ ինչ-որ հրամանատարներ թքած ունեն իրենց ղեկավարության վրա և կարող են գնալ այնպիսի գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով, այնպիսի արկածախնդրության, որ կարող է ոչ միայն սրել, այլ շատ այլ բացասական զարգացումների բերել։ Ասենք՝ այդ տարբերակն էլ չէ, այլ ինչ-որ խելագարված դիվերսանտներ են։ Իհարկե, լսելով Ադրբեջանի ղեկավարության գեբելսյան հռետորաբանությունը՝ պատահական չէ, որ Ադրբեջանի հասարակության մեջ կարող են լինել այնպիսի երևույթներ, որոնք խոսում են ամբոխային խելագարվածության մասին»։

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների փոփոխության՝ ԼՂ կարգավորման գործընթացի վրա ազդեցության հարցը՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ չի կարծում՝ անձերի փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա։

Exit mobile version