Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում շեշտադրել է Ադրբեջանի հետ գործ ունենալու դժվարությունը, գրում է Reuters գործակալությունը։ Նա մասնավորապես չար կատակ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին։
«Շնորհակալություն, ձեզ լավ օր,- լրագրողներին մամուլի ասուլիսի ավարտին ասել է Յունկերը։ – Ես այժմ հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին, այսպիսով՝ օրվա լավ մասն ավարտվեց»։
Իլհամ Ալիևը Բրյուսելում է, որտեղ քննարկվում է ԵՄ-Ադրբեջան համագործակցության նոր համաձայնագիրն ու էներգետիկ հարցեր։
Reuters-ը նկատում է, որ ադրբեջանցի պաշտոնյաներն անմիջապես չեն մեկնաբանել Յունկերի խոսքերը։ Վերջինիս խոսնակը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել են էներգետիկ և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, Յունկերը նաև բարձրացրել է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու հարցը։
Երկուշաբթի օրը Ալիևը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին։
My remarks to the press after meeting President Aliyev of Azerbaijan in Brussels today: https://t.co/0ABjP87AFU pic.twitter.com/CG3IGc25Ez
— Donald Tusk (@eucopresident) February 6, 2017
Ինչպես հաղորդում է ԵԽ կայքը, Տուսկն անդրադարձել է ԼՂ խնդրին։
«Մենք քննարկել ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։ Ստատուս քվոն անկայուն է։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի և անհրաժեշտ է շուտափույթ քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքին համապատասխան։ ԵՄ-ն շարունակում է լիարժեք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը։