Site icon CIVILNET

Երևանում և մարզերում ուսուցողական հրաձգարաններ կկառուցվեն

Երևանում և մարզերում նախատեսվում է կառուցել անվճար ուսուցողական-մարզումային հրաձգարաններ, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքը:

Նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարության հայեցակարգը և միջոցառումների 2018-2024 թվականների ծրագրերը:

«Համաձայն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգի՝ նախատեսվում է Երևանում և ՀՀ մարզերում կառուցել անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարաններ, ինչպես նաև վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարաններ, որտեղ ոչ միայն հնարավոր կլինի ծանոթանալ զենքին, սովորել նշանառություն ու կրակել, այլ նաև պարբերաբար կանցկացնեն վարժանքներ:

Որպես մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայման նախատեսվում է ուսումնական հաստատություններում զինվորական պատրաստության դասաժամերին ուսուցանել կրակելու հմտություններ՝ տղաներին և աղջիկներին համահավասար, վերանորոգել հրաձգարանները և այլ ծրագրային միջոցառումներ: Ներկաները համակարծիք էին, որ զինվորական պատրաստության դասաժամերի բարեփոխումները, հրաձգարանների վերանորոգումը, զենքով և զինամթերքով ապահովումը, նոր հրաձգարանների կառուցումը ոչ միայն նպաստելու են այս մարզձևի մասսայականացմանը, այլև հանգեցնելու են հրաձգություն մարզաձևում մարզական արդյունքների աճին, միջազգային մրցասպարեզներում մեդալների ձեռքբերմանը, Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակության ամրապնդմանը։

Քննարկմանը մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը, նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Սամվել Խաչատրյանը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը, ՀՀ հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի տնօրեն Արմեն Հայրապետյանը, նույն դպրոցի փոխտնօրեն Գագիկ Զոհրաբյանը, Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գագիկ Խաչատրյանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Exit mobile version