Site icon CIVILNET

Նման դեպքերը միանշանակ չեն փոխի մեր ընդհանուր ռազմավարությունը․ Սվիտալսկին՝ դրամաշնորհների հափշտակության մասին

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, մեկնաբանել է հայաստանյան ՀԿ-ների կողմից ԵՄ տրամադրած դրամաշնորհների յուրացումը։ Հարցազրույցից հատված՝ ստորև․

«Որոշ անհատների կողմից ԵՄ դրամաշնորհների յուրացման փաստը, իհարկե, տխուր զարգացում է, սակայն եկեք ճիշտը խոսենք, այս բոլոր դեպքերը, որոնք հայտնվել են և հայտնվելու են հայաստանյան իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, բացահայտվել են ԵՄ պաշտոնյաների կողմից: Սա ցույց է տալիս, որ մեր աուդիտը և վերահսկման մեխանիզմը լավ են աշխատում, և մենք կարող ենք հայտնաբերել խախտումների նման դեպքեր: Մենք շատ գոհ ենք, որ հայաստանյան իշխանությունները լուրջ ուշադրություն են դարձնում բացահայտված այս դեպքերին, քանի որ հավատացած ենք՝ նման դեպքերի պարագայում լուրջ վերաբերմունքն ամենաճիշտն է: Ամենուր, ցանկացած հասարակության մեջ էլ կան մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով, միգուցե ագահության, փորձում են յուրացնել գումարներ, սակայն այս դեպքերի առնչությամբ մենք չպետք է կազմենք միայն ընդհանրական եզրակացություն: Եկեք՝ սա ընդունենք որպես դաս այն մյուս դիմորդների համար, ովքեր չեն հետապնդում անկեղծ և ազնիվ նպատակներ: Լիահույս ենք, որ այս երկու դեպքերը ավարտին կհասցվեն, և դրանք չեն ազդի մեր համագործակցության վրա»,- մեկնաբանել է Սվիտալսկին:

Հարցին, թե արդյոք այս դեպքերը չե՞ն հանգեցնի ԵՄ-ից հայաստանյան ՀԿ-ներին տրամադրվող գումարների կրճատմանը, Սվիտալսկին պատասխանել է․ «Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը՝ արդիականացնել երկիրը և օգնել հայաստանցիներին ունենալ բարելավված կենսապայմաններ: Նման դեպքերը, որոնք մեր գործունեության փոքր մասն են կազմում, իհարկե, ինչ-որ չափով ստվեր են գցում մեր համագործակցության վրա, սակայն դրանք միանշանակ չեն փոխի մեր ընդհանուր ռազմավարությունը»։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Exit mobile version