Site icon CIVILNET

Ինչո՞ւ Մայիսի 28-ը

Թաթուլ Հակոբյանի այս սյունակը գրվել է մեկ տարի առաջ՝ Առաջին Հանրապետության հիմնադրման 99-ամյակի նախաշեմին։

Առաջիկա օրերին Հայաստանում և Սփյուռքում նշվելու է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 99-ամյակը:

Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը Հայոց պատմության շրջադարձային էջերից է: Բագրատունյաց Հայաստանի անկումից շուրջ 1000 և Կիլիկյան Հայաստանից 600 տարի անց ստեղծվում էր անկախ Հայաստան: Չլիներ Առաջին Հանրապետությունը, հավանաբար չէին լինի խորհրդային և մեր օրերի Հայաստանները:

Որքան էլ քննադատություն և հեգնանք հնչի, թե Առաջին Հանրապետությունը ընդամենը 11-12 հազար քառակուսի կիլոմետր էր (հիմնադրման օրերին՝ 1918-ի մայիս-հունիսին), ակնհայտ է, որ օրվա հիմնական պատասխանատու քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, կատարել է պատմականորեն արդարացված և ճիշտ որոշում՝ հռչակելով Հայաստանն ու Բաթումում պայմանագիր կնքելով Օսմանյան կայսրության հետ:

Զորավար Անդրանիկը, օրինակ, դատապարտեց Հայաստանի Հանրապետության հիմնադրումը, այն համարելով թուրքի ձեռքով ստեղծված:

Ինչո՞ւ է 1918-ի մայիսի 28-ը համարվում Հայաստանի Հանրապետության հիմնադրման օր:

Անդրկովկասյան Սեյմը Թիֆլիսում 1918թ. մայիսի 26-ին գումարեց իր վերջին նիստը, որի ընթացքում ընդունվեց Անդրկովկասյան Ժողովրդական Դաշնակցային Հանրապետությունը լուծարելու վրացի մենշևիկների առաջարկությունը:

Նույն օրը երեկոյան վրաց Ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը: Մայիսի 27-ին Թիֆլիսում Մահմեդական ազգային խորհուրդը որոշեց հռչակել Ադրբեջանի անկախությունը, մի հանրապետություն, որը պետք է ներառեր Հարավային և Արևելյան Անդրկովկասը: Ակտը պաշտոնապես հռչակվեց հաջորդ օրը, և անդրկովկասյան թաթարների կառավարող մարմինը Ելիզավետպոլը՝ այսօրվա Գյանջան, ընտրեց ժամանակավոր մայրաքաղաք, քանի որ Բաքուն դեռևս մնում էր հայկական և բոլշևիկյան ուժերի համատեղ տիրապետության տակ՝ Ստեփան Շահումյանի ղեկավարությամբ:

Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի նիստում վիճաբանություն էր գնում. դաշնակցական անդամները և ՀՅԴ Բյուրոն այս հարցում բաժանված էր երկու խմբի: Մի մասը դեմ էր Հայաստանի անկախության հռչակմանը: Կողմ էին Սիմոն Վրացյանը, Խաչատուր Կարճիկյանը, դեմ` Ավետիս Ահարոնյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Արտաշես Բաբալյանը: Վերջիններին միացան սոցիալիստ հեղափոխականները և չեզոքները` Ստեփան Մամիկոնյանը, Տիգրան Բեկզադյանը:

Անկախության հռչակմանը դեմ սոցիալիստ հեղափոխականները, չեզոքները և ՀՅԴ մի հատվածը մտահոգված էին, որ Հայաստանի մեծ մասը թուրքերը գրավել են, և Ռուսաստանից անջատվելը լուրջ անհանգստություն էր պատճառում: Բացի այդ, անկախություն հռչակելու և Ռուսաստանից անջատվելու պահանջը հենց թուրքերն էին դնում:

Երկար վեճերից հետո Հայաստանը հռչակվեց անկախ, մայիսի 30-ին արվեց պաշտոնական հայտարարություն, որի մեջ բացակայում էին «անկախություն» և «հանրապետություն» բառերը:

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»,- ասվում էր հռչակագրում։

Սիմոն Վրացյանի վկայությամբ` Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հարկադրված եղավ Հայաստանը հայտարարել անկախ, «որովհետև այն պահին անկախությունը բոլորի կողմից համարվում էր ահավոր մի հեռանկար, հայ ժողովուրդը թուրքերի լծի տակ գցելու վտանգ»:

«1918թ. մայիսին թուրքերն ի վիճակի էին գրավելու և՛ Երևանը, և՛ ամբողջ Հայաստանը, բայց չգրավեցին: Հակառակը, հունիսի 4-ին Բաթումում, Հայաստանի նորակազմ կառավարության ներկայացուցիչների հետ նրանք ստորագրեցին հաշտության դաշնագիր և դրանով փաստորեն ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Այսպիսով, պատմության դառը հեգնանքով, Հայաստանի անկախության միջազգային առաջին ճանաչումը կատարեցին թուրքերը»,- գրում է Վրացյանը:

Այսպիսով, 1918-ի մայիսի 28-ը համարվում է Հայաստանի անկախության հռչակման կամ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օր ոչ թե այն պատճառով, որ հենց այդ օրն է ընդունվել հռչակագիր-հայտարարությունը, ոչ թե այն պատճառով, որ հայերը Սարդարապատում և Բաշ-Ապարանում կանգնեցրին թուրքական ներխուժումը դեպի Երևան, այլ որովհետև Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հենց մայիսի 28-ին որոշեց Բաթում ուղարկել նոր պատվիրակություն և արդեն Հայաստանի անունից բանակցել Օսմանյան կայսրության հետ։

Հայերն ու թուրքերը Հաշտության և բարեկամության պայմանագիր կնքեցին հունիսի 4-ին Բաթումում։ Հայաստանի կողմից այն ստորագրեցին Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Միքայել Պապաջանյանը։

Լուսանկարում՝ Առաջին Հանրապետության օրոք հիմնադրված Երևանի պետական համալսարանի շենքը։

Exit mobile version