Site icon CIVILNET

Ծոցի ճգնաժամը՝ Մերձավոր Արևելքում նոր կոնֆիգուրացիայի սկի՞զբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ունեցած ելույթից հետո կարճ ժամանակ անց, որի նպատակն էր միավորել Վաշինգտոնի արաբ դաշնակիցներին Իրանի և նրա տարածաշրջանային օրակարգի դեմ, մերձավորարևելյան նոր ճգնաժամ ծագեց Կատարի և Ծոցի իր գործընկերների միջև։ Վեճը սպառնում է ունենալ հեռահար աշխարհաքաղաքական հետևանքներ, գրում է Al-Monitor կայքի սյունակագիր Զիգուրդ Նեուբայերը։

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը, Եգիպտոսը և Եմենը խզեցին դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և Իրանի հետ մերձենալու մեջ։

Ծոցի համագործակցության խորհրդի հակասությունները Դոհայի հետ նոր չեն և կապված են վերջինիս կողմից տարածաշրջանային իսլամիստական խմբերին տրամադրվող գաղափարական, ինչպես նաև ֆինանսական աջակցության հետ։ Սաուդյան, էմիրաթյան և բահրեյնական ավիաուղիները հայտարարեցին դեպի Կատար և հակառակը չվերթների դադարեցման մասին։ Եվ քանի որ Կատարի միակ ցամաքային սահմանը Սաուդյան Արաբիայի հետ է, շատ արագ լուրեր տարածվեցին Դոհայի դեմ վերահաս պատժամիջոցների վերաբերյալ։ Կատար ներմուծվող ապրանքների արգելափակման սպառնալիքը խուճապի մատնված հազարավոր կատարցիների ստիպեց սննդի պաշարներ հավաքել։

Ծոցի ճգնաժամի վերջին դրվագներից մեկը կապված է էմիր Շեյխ բին Համադ Ալ Թանիի՝ Կատարի պաշտոնական լրատվականում հրապարկված հայտարարության հետ, որում նա խոսում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարվածության մասին, պնդում, որ «Իրանը Իսլամական աշխարհի ուժ է»։ Ու չնայած Դոհան հերքեց այդ հայտարարությունն ու այն որակեց հաքերների հարձակման արդյունքում տեղի ունեցած միջադեպ, դա հարևաններին չհամոզեց։ Էմիրին վերագրվող հայտարարությունում խոսք կա Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների մասին, դրական է մեկնաբանվում պաղեստինյան «Համաս»-ը։

Ինչո՞ւ հիմա

Տարածաշրջանային իսլամիստական խմբերին աջակցությունը Կատարին թույլ է տվել մշակել անկախ արտաքին քաղաքականություն և դուրս գալ հզոր հարևան Սաուդյան Արաբիայի ստվերից։ Սակայն այն բանի արդյունքում, որ 2014թ․ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ների կառավարությունը տապալվեց զինվորականության կողմից [Կատարն աջակցում էր «Մուսուլման եղբայրներ»-ին] և Կատարի աջակցությունը վայելող «Համաս»-ն ու սիրիական զանազան խմբերը չկարողացան մարտերում սկզբնական հաղթանակները վերածել ռազմավարական նվաճումների, Դոհան հայտնվեց լուսանցքում։ 2014թ․ բռնկվեց Ծոցի համագործակցության խորհրդի և Կատարի միջև ճգնաժամ․ Սուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն հետ կանչեցին իրենց դեսպաններին Դոհայից։

Կատարի և Ծոցի դաշնակիցների միջև լարվածության մեկ այլ դրվագ, ըստ Financial Times պարբերականի, կապված է Դոհայի գործարքների հետ, որոնք ունեցել է Ալ-Կաիդայի և Իրանի հետ առնչություն ունեցող խմբերի հետ։

Մերձավորարևելյան վեճը կարող է մերձեցնել Կատարին Իրանի և Թուրքիայի հետ

Տնտեսական մեկուսացումը մեղմելու նպատակով Կատարը կարող է այլ ընկերներ փնտրել, և այդ դերում կարող են լինել Թուրքիան և Իրանը, որոնք արդեն հայտարարել են օգնության ձեռք մեկնելու պատրաստակամության մասին, գրում է CNBC-ն՝ վկայակոչելով Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ամին Սայքալին։ Այդ կարծիքը կիսում են նաև Eurasia Group-ի վերլուծաբանները։ Խոսք կա այն մասին, որ Կատարը կարող է անգամ դուրս գալ Ծոցի համագործակցության խորհրդից։

Վերլուծաբանների եզրակացությունները գալիս են ապացուցելու փաստերը․ կատարական, ինչպես նաև թուրքական ու իրանական լրատվամիջոցները վերջին օրերին գրում են, որ Դոհան բանակցություններ է վարում Անկարայի ու Թեհրանի հետ՝ պարենի, ջրի, անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման շուրջ։ Հունիսի 7-ին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այցելել է Անկարա և քննարկել Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն ու Թեհրան-Անկարա ավելի սերտ համագործակցությունը։

Թուրքիայի արտահանող գլխավոր մարմնի ղեկավարը Reuters-ին ասել է, որ թուրք արտահանողները պատրաստ են բավարարել Կատարի սննդի և ջրի պահանջները։

Մյուս կողմից Իրանի գյուղատնտեսական ոլորտից մի պաշտոնյա տեղական լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը կարող է նավերով սնունդ մատակարարել Կատարին։ Ապրանքները տեղ հասցնելու համար անրաժեշտ է ընդամենը 12 ժամ։ Ավելին՝ հարևանների հետ դիվանագիտական վեճից հետո Կատարն օգտագործում է Իրանի օդային տարածքը։

Դոհային ցուցաբերվող աջակցության թերևս ամենամեծ ապացույցը հունիսի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն է, թե Անկարան հավանություն չի տալիս Դոհայի դեմ պատժամիջոցներին։

Էրդողանը կոչ է արել Ծոցի երկրներին տարաձայնությունները հարթել երկխոսության միջոցով։ Նրա կարծիքով՝ Կատարին առաջադրվող ահաբեկչության աջակից մեղադրանքը «շատ ծանր է», և «այստեղ այլ խաղ է գնում»։

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Կատարում զորքերի տեղակայմանը

Պարիսց ծոցում ծագած ճգնաժամի այս օրերին՝ հունիսի 7-ին, Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծի, որը թույլ է տալիս Կատարում՝ թուրքական ռազմակայանում, թուրքական զորակազմ տեղակայել։ Օրինագիծը 240 կողմ ձայներով հավանության են արժանացրել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության և ազգայանական MHP-ի պատգամավորները։

Ինչպես նկատում է կատարական Al Jazeera-ն, Թուրքիան Կատարի կարևոր դաշնակիցն է և ներկայում Կատարում ռազմակայան է հիմնում, որի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել էր 2016-ի ապրիլին։ Ի դեպ, Կատարում է գտնվում ԱՄՆ-ի մերձավորարևելյան խոշորագույն ռազմաօդային կայանը։

Թուրք վերլուծաբանները՝ Ծոցի ճգնաժամին Անկարայի միջամտության մասին

Մերձավորարևելյան խնդիրները լուսաբանող Al-Monitor կայքի սյունակագիր Սեմիհ Իդիզը իր «Թուրքիան չի կարող իրեն կողմնակալություն թույլ տալ կատարական ճգնաժամում» սյունակում գրում է, որ տարածաշրջանային այս վեճը կարող է բացասական հետևանքներ ունենալ Անկարայի համար։

Իդիզը նշում է, որ Թուրքիայի թիվ մեկ դիլեման այն է, որ գերազանց քաղաքական և տնտեսական կապեր ունի Կատարի հետ, որի հետ կիսում է նման մոտեցումներ սիրիական ճգնաժամի ու «Մուսուլման եղբայրներ»-ին աջակցելու հարցում, փորձում է ռազմավարական հարաբերություններ զարգացնել նաև Սաուդյան Արաբիայի և Ծոցի երկրների հետ։

Կատարը տարածաշրջանի փոքրաթիվ երկրներից էր, որն օգնել է Էրդողանին միաջազգային մեկուսացման ընդլայնմանը զուգընթաց։

Al-Monitor-ի մեկ այլ սյունակագիր՝ Ամբերին Զամանը նկատում է, որ Էրդողանը ինքն է հաճախ ասում, որ անցյալ տարվա հեղաշրջման գիշերը Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին առաջին առաջնորդն էր, որն իրեն զանգել է։ Ասում են, թե էմիրը Էրդողանին առաջարկել է օդանավ, ապաստան և պաշտպանություն։

Իդիզի պնդմամբ՝ երկրորդ խնդիրը այն է, որ Կատարի դեմ Սաուդյան Արաբիայի դաշինքում է ոչ միայն Եգիպտոսը, այլև Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը, Լիբիան և Մալդիվները, որոնք բոլորը կազմում են հակաիրանական սուննի դաշինք։ Թուրքիան ունի լարված հարաբերություններ Իրանի հետ՝ Սիրիայի և Իրաքի հարցերում տարբեր դիրքորոշումներով պայմանավորված, սակայն Անկարան ու Թեհրանը կարողացել են «պրագմատիկորեն խուսափել մեծ ճգնաժամից»։

Բացի այդ, երկուսն էլ Ռուսաստանի գլխավորած՝ «Աստանայի գործընթացի» մեջ են, որի նպատակն է սիրիական հակամարտության կարգավորումը։

Անկարայի համար երրորդ մեծ խնդիրը այն փաստն է, որ Կատարի դեմ դաշինքը նաև դեմ է «Մուսուլման եղբայրներ»-ին, որոնք ահաբեկչական են որակվում Ռիադի ու Կահիրեի կողմից։ Մինչդեռ Էրդողանն ու նրա կուսակցությունը «Մուսուլման եղբայրներ»-ին համարում են ազգակից։

Իդիզը մեջբերում է թուրք վերլուծաբանների, որոնց համոզմամբ, Թուրքիան պետք է չեզոք մնա այս վեճում։ Նրանց պնդմամբ՝ Անկարան կարող է լրջորեն տուժել միջամտելու դեպքում։

Hurriyet-ի արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբան Վերդա Օզերը կարծում է, որ տարածաշրջանային երկրների շրջանում կա ընկալում, որ Թուրքիան թեքվում է Կատարի կողմը, և «եթե այս ամենը ճիշտ չկառավարվի, կապը կարող է հանգեցնել մեղադրանքների Արևմուտքից ու Ծոցի երկրներից»։

Որոշ կառավարամետ փորձագետներ էլ պնդում են, որ սա «դավադրություն է Կատարի դեմ, և հաջորդ զոհը կարող է դառնալ Թուրքիան»։

Քաղաքական վերլուծաբան Մուրաթ Յեթքինը ամփոփում է․ «Թուրքիան կշահի, եթե շարունակի չդիպչել Կատարի ճգնաժամին մերկ ձեռքերով և օգտագործի դիվանագիտական լեզուն»։

Ամբերին Զամանը գրում է, որ ընդհուպ մինչև վերջերս Էրդողանը քննադատում էր Իրանին Իրաքում և Սիրիայում վարած քաղաքականության համար, սակայն «Դոնալդ Թրամփի կողմից Սաուդյան Արաբիային սիրահետելը» վկայում է այն մասին, որ նա սատարում է Կատարի դեմ գործողությունները։ Դա ահազանգ է Անկարայի համար։

«Էրդողանը մեծ հույսեր էր կապում Թրամփի հետ, սակայն անցյալ ամիս նրա հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ արգասաբեր չէր»,- արձանագրում է Զամանը։

Դոհա-Թեհրան կապը կարող է խնդիր դառնալ Վաշինգտոնի համար

«Եթե Կատարի էմիր Ալ Թանին մերձենա Էրդողանի և Ռոհանիի հետ, դա կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը»,- ամփոփում է CNBC-ի վերլուծաբան Նիշկա Չանդրանը։

Նրա համոզմամբ՝ Դոհա-Թեհրան կապերը կարող են անդրադառնալ Վաշինգտոնի հետ Ալ Թանիի դաշնակցության վրա․ դա լուրջ խնդրի առաջ կկանգնեցնի ԱՄՆ-ին։ Նա մեծ ռազմակայան ունի Կատարում, միևնույն ժամանակ, նա ցանկանում է պահպանել սերտ կապը Սաուդյան Արաբիայի հետ։ Կատարի «Ալ Ուդեյդ» ռազմաօդային կայանում տեղակայված է 11-հազարանոց ամերիկյան զորակազմ։

«Մերձավորարևելյան ինստիտուտ» վաշինգտոնյան ուղեղային կենտրոնի հետազոտող Ահմադ Մաջիդյարը կարծում է, որ Թեհրանը Կատարի և հարևանների հետ լարվածությունը դիտարկում է որպես Ծոցի համագործակցության խորհուրդը և ամերիկա-արաբական դաշինքը թուլացնելու հնարավորություն: Նա կարող է ռազմավարական առումով շահել Ծոցի ճգնաժամից։

Ու թեև հնարավոր սցենարները շատ են, սակայն, ինչպես նշում է Մաջիդյարը, վաղ է եզրահանգումներ անել, քանի որ Ռիադն ու Դոհան նախկինում տարաձայնությունները հարթել են երկխոսության միջոցով։

Ստելլա Մեհրաբեկյան

Exit mobile version