Site icon CIVILNET

Կոռուպցիայի դեմ նոր օրենքն ընդունվեց

Հունիսի 9-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը և հարակից օրենքներում կատարվող փոփոխությունների ու լրացումների փաթեթը։ Օրենքին «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկողներ չեղան։

Խոսելով օրենքի մասին՝ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ թեև օրենքն իրենց պատկերացրած լավագույն տարբերակը չէ, սակայն իրենք հաստատակամ են օրենքի տված հնարավորություններն ընդդեմ կոռուպցիայի գործածելու։ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ հույս ունի՝ իր գործընկեր Էդմոն Մարուքյանի ելույթից հետո ՀՀԿ խմբակցությունը դեմ չի քվեարկի օրենքի ընդունմանը։

Մինչ քվեարկությունը՝ օրենքի համահեղինակ և հիմնական զեկուցող, Աժ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավր Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում, նախագծում տեղ գտած փոփոխությունները։ Հովհաննիսյանն ասաց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման մասին օրենքում, համաձայն ԵԼՔ-ի, ՀՅԴ-ի և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների առաջարկների, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի կազմում թեկնածու առաջադրելու իրավունք վերապահվում է նաև ընդդիմադիր խմբակցություններին՝ համախոհության՝ կոնսենսուսի կարգով։

Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձևավորման կարգը

Մարմինը ձևավորվելու է այնպիսի գործընթացի միջոցով, որը կարող է ապահովել դրանց ապաքաղաքականությունը, ապաքաղաքականացվածությունը, չեզոքությունը, անկողմնակալությունը և մասնագիտացվածությունը։

Մարմնի անդամներին ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամներին առաջադրում է մրցութային խորհուրդը, իսկ մրցութային խորհրդի անդամներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը (այս մարմինը դեռ չի ստեղծվել, բայց նախատեսված է նոր Սահմանադրությամբ), Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը։ Վերջինը ներկայացնելու է քաղաքացիական հանրության ներկայացուցչի։

Այսպիսով, մրցութային խորհուրդը կազմված կլինի Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի, ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների և Հանրային խորհրդի կողմից նշանակված մեկական անդամներից։

Արփինե Հովհաննիսյանն ասաց նաև, որ փոփոխություններ են կատարվել Դատախազության մասին օրենքում, և այսուհետ Գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարվա, հանցագործությունների քննության վերաբերյալ հրապարակված հաղորդումները, կոռուպցիոն հանցագորոծությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները ներկայացնելու է առանձին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում ավելացվել է նաև շահերի հայտարարգրումը։

Իր ամփոփիչ ելույթում Արփինե Հովհաննիսյանը խոսեց նաև Ռումինիայի փորձի մասին՝ նշելով, որ համեմատություններ իրականացնելիս պետք է հաշվի առնել այդ ոլորտում ներդրված ռեսուրսները․

«Երբ մենք բոլորս խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի, նրա գործիքակազմի, նրա հաջողելու կամ չհաջողելու մասին, պարտավոր ենք մի քանի հանգամանք նկատի ունենալ՝ ի՞նչ ռեսուրսներով, ի՞նչ գործիքակազմով ու ի՞նչ ժամկետներում է հանձնաժողովը աշխատանք կատարել։ Բացառապես հանձնաժողովի ջանքերով է, որ այսօր մենք ունենք հայտարարագրման այս օրենքը։ Միայն համեմատության համար՝ եթե վերցնում ենք Ռումինիայի փորձը, ապա խնդրում եմ հաշվի առեք 4,5 միլիոն եվրո բյուջե, 200 անդամ և միայն յոթ տարում հայտարարագրման մասին օրենքի ընդունում, մեր դեպքում՝ հինգ անդամ, բյուջեն կարող եք ինքներդ ստուգել և երեք տարում մեզ այնքան բնական թվացող հայտարարագրերի համակարգի ներդնում»։

Արփինե Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի արդյունավետ պայքարել կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ։

Արփի Մախսուդյան

Exit mobile version