Site icon CIVILNET

Հողակտորներ՝ «Սպայկա»-ին, արտոնություններ՝ «Լիդիան Արմենիա»-ին․ կառավարության որոշումը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Նորագավիթ թաղամասին հարող տարածքում մեկական հողակտոր նվիրաբերել, արտոնություններ տրամադրել «Լիդիան Արմենիա», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» և «ԻՆՎԵՍԹՄԸՆԹ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ընկերություններին։

Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Ընկերությունների խնդրանքով այդ ծրագրի իրականացման համար անհատույց սեփականության իրավունքով Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամասը կօտարվի:

Նախատեսվում է ավելի քան 200 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 1300 մշտական աշխատատեղ, կընդլայնվի արտադրությունը, որը կնպաստի միջազգային շուկա արտահանման ծավալների ավելացմանը:

Կառավարությունը որոշել է բավարարել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Արդեն իսկ ընկերության կողմից իրականացվել է 44 մլրդ դրամի ներդրում, նախատեսված է ևս 180 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է ստեղծել 2 հազար նոր աշխատատեղ, 500 հազար դրամ միջին աշխատավարձով: «Լիդիան Արմենիա»-ին այս որոշմամբ տրվել է 2.5 միլիարդ դրամ մաքսատուրք չվճարելու արտոնություն։

Սա առաջին անգամ չէ, որ կառավարությունը հարկային արտոնություն է շնորհում «Լիդիան Արմենիա»-ին։ Այս տարվա ապրիլի 20-ին կառավարությունը նորից հարկային արտոնություն էր տրամադրել այս ընկերությանը՝ 3 տարի ժամկետով հետաձգելով վերջինիս կողմից ավելացված արժեքի հարկի վճարումը։

Գործադիրի համապատասխան որոշմամբ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» և «ԻՆՎԵՍԹՄԸՆԹ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ընկերությունները ևս կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել է «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 15-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գրին էներջի կոնցեռն»-ի նպատակն է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում կառուցել 3,9 մգվտ փոքր հիդրոէներգակասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ծրագրի շրջանակում ընկերությունը կկատարի 2,28 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 747,7 մլն դրամ։

Exit mobile version