Site icon CIVILNET

Ռուսաստանն ամրանում է Կասպիցում, դեմ է ծովով անցնող գազատարերի ծրագրերին

Eurasianet.org կայքի հոդվածագիր Ջոշուա Քուչերան (Joshua Kucera) «Ռուսաստանն իր Կասպիցի նավատորմի համար նոր ռազմածովային բազա է կառուցում» վերնագրով հոդված է հրապարակել, որում քննարկում է Մոսկվայի այս նախաձեռնության պատճառները: Հոդվածում, ի թիվս մի շարք պատճառների, նշվում է նաև, որ Մոսկվան դեմ է Կասպիցով անցնող գազատարների ծրագրերին։

Ռուսաստանը մտադիր է իր Կասպիական նավատորմի համար ստեղծել նոր ռազմածովային բազա՝ նպատակ ունենալով մինչև 2020 թ. այն տեղափոխել Աստրախանից Դաղստան: Նոր բազան կլինի Ռուսաստանի տեխնիկապես ամենազարգացած ռազմակայաններից մեկը, հայտարարել է պաշտպանության նախարարությունը:

Նոր բազան կլինի Կասպիսկում՝ Դաղստանում, որտեղ այժմ գտնվում է փոքրիկ ծովային ջոկատ: Ըստ «Իզվեստիա» թերթի, նոր բազան «ավելի զարգացած կլինի, քան Հյուսիսային, Բալթյան կամ Սևծովյան նավատորմերի բազաները» (բայց, ըստ երևույթին, ոչ ավելի զարգացած, քան Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը, որը նույնպես արդիականացվելու է):

Շինարարությունը կներառի նավահանգիստների բարելավում, նոր նավանորոգարանների, ինչպես նաև զորանոցների, զինամթերքի պահեստավորման վայրերի և սպաների բնակարանների կառուցում։

Ռուսաստանն ունի նավատորմի արդիականացման հավակնոտ ծրագրեր, սակայն Կասպից ծովը համեմատաբար անտեսվել է։ Դա միակ ծովն է, որտեղ Ռուսաստանը Արևմուտքի կողմից վտանգ չունի, այլ սահմանակցում է համեմատաբար թույլ և ոչ թշնամական հարևանների՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Իրանին։

Սակայն Կասպիցը որոշակի նշանակություն է ձեռք բերել Ռուսաստանի համար ռազմավարական տեսանկյունից, երբ այնտեղից Սիրիայում գտնվող թիրախների ուղղությամբ մի շարք հրթիռներ արձակվեցին։ Դրա հետևանքով, ըստ «Իզվեստիայի», ծովն այնտեղ տեղակայված ռազմածովային ուժերի շրջանում վաստակել է «հրթիռներով լողավազան» մականունը։

Ռուսաստանցի վերլուծաբան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը ռազմածովային նոր բազայի կառուցումը կապում է անդրծովյան խողովակաշար կառուցելու եվրոպական ծրագրերին, որոնք Թուրքմենստանից բնական գազը դեպի Ադրբեջան և Եվրոպա պետք է փոխադրեն: Ռուսաստանը կտրականապես դեմ է այդ նախագծին:

Միաժամանակ նկատվում է Կասպից ծովում լարվածության նվազում: Այս տարվա սկզբին իրանական նավերն առաջին այցը կատարեցին Ղազախստան և այս ամառ առաջին անգամ մասնակցեցին Ռուսաստանի կազմակերպած «Կասպյան գավաթ» կոչվող ռազմածովային սպորտային մրցույթին, որը հյուրընկալում էր Բաքուն։

Իսկ անցյալ շաբաթ Ղազախստանի նավատորմը պատասխան այց կատարեց Իրան՝ առաջին պաշտոնական ծովային այցը։ Պետք է նշել, որ Ռուսաստանը նմանատիպ այցեր ավելի շատ է իրականացրել, քան որևէ այլ երկիր:

Նոր ռազմածովային բազայի մասին լուրերը տարածվեցին նույն օրը, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հազվադեպ այց կատարեց Թուրքմենստան՝ Կասպից ծովի մյուս կողմ: Թուրքմենստանը կառուցում է սեփական նավատորմը, սակայն հեռու է մնում փոխադարձ համագործակցության նմանատիպ գործողություններից: Հստակ չէ՝ արդյոք Պուտինի այցի օրակարգում եղե՞լ են ծովային հարցերը, սակայն վստահորեն կարելի է ասել, որ այդ օրակարգում եղել է տրանսկասպիական խողովակաշարի թեման։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Exit mobile version