Site icon CIVILNET

ԵՄ-ն չի ցանկանում բաժանարար գծեր գծել, Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև․ Սվիտալսկի

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումից մ՛ի սպասեք օգուտներ վաղը կամ մյուս օրը, բայց եթե միասին աշխատենք, ավելի քան վստահ եմ, որ համագործակցության ոգին կամրապնդի համաձայնագրի իրականացումը․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Հարցին, թե արդյոք կարո՞ղ է համաձայնագիրը խնդիրներ ստեղծել երրորդ կողմերի համար, Սվիտալսկին պատասխանեց․ «Այս համաձայնագիրը ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Որոշ տարրեր օգտակար կլինեն նաև Հայաստանի մյուս գործընկերների համար։ Համաձայնագիրը բաց է իր փիլիսոփայությամբ»։

Խոսելով համաձայնագրում Ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձի մասին՝ ԵՄ պատվիրակության ղեկավարն ասաց, որ այս առումով ԵՄ-ի դիրքորոշումը հստակ է՝ այն աջակցում է կարգավորման գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և պատրաստ է աջակցել վստահության կառուցմանը։

Հայաստանի հետ այցագրային ռեժիմի ազատականացման և դրա ժամկետների մասին խոսելով՝ Սվիտալսկին ասաց, որ այդ հարցը նույնպես շատ հստակ է ձևակերպված համաձայնագրում։

«Շատ կարևոր է, որ 2020-ի 22 նպատակներն անդրադառնում են նաև այցագրային ռեժիմի ազատականացմանը, սակայն կան պայմաններ, որոնք պետք է կատարվեն»,- ասաց դիվանագետը։

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, ինչպես ասաց Սվիտալսկին, ինքը «մարգարե չէ»։ Այս առումով եվրոպացի դիվանագետը կարծում է, որ ազատ վիզային գոտի ցանկացող երկրները պետք է «իրապես եվրոպացի լինեն», «ուզենան ապրել եվրոպական չափորոշիչներով»։

Հայաստանին «այս ամենի մեջ ներքաշելու ԵՄ-ի շահի մասին» խոսելով՝ Սվիտալսկին ասաց, որ համաձայնագիրը իրենց ռազմավարության մի մասն է՝ «կառուցելու կայուն հարևանություն», «անվտանգ, բարեկամական միջավայր» մի երկրի հետ, որը մեկ այլ միության մաս է կազմում՝ ԵՏՄ-ի։

«Արդյոք հնարավո՞ր է համաձայնագրով ԵՄ-ԵՏՄ կամուրջ կառուցել» հարցին դիվանագետը պատասխանեց․ «ԵՏՄ-ի անդամ պետությունների հետ այլ համաձայնագրեր ունենք, բայց Հայաստանի հետ համաձայնագիրը շատ ավելի հավակնոտ է, ավելի առարկայական, ավելի դրական։ ԵՄ-ն չի ցանկանում բաժանաար գծեր գծել Եվրոպայում։ Այո, իսկապես ուզում ենք կամուրջներ կառուցել մեր բոլոր գործընկերների հետ։ Հայաստանի դեպքում կամուրջի սկզբունքն իսկապես տրամաբանական է»։

***

Նոյեմբերի 24-ին Հայաստանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում ԵՄ-ի հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Exit mobile version