Site icon CIVILNET

Մոսկվան Երևանից Աբխազիայի և Հարավային Օսիայի առևտրային միջանցքները բացելու խնդրանք է ստացել

Հաջորդ շաբաթ Պրահայում կայանալու են ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի բանակցությունները, որոնց օրակարգի գլխավոր հարցերից մեկը 2011թ․ «Առևտրային միջանցքների մասին» ռուս-վրացական պայմանագրի կյանքի կոչումն է։ 2017-ի դեկտեմբերի 19-ին Վրաստանը շվեյցարական SGS սերտիֆիկացման ստուգիչ-հաստատիչ ընկերության հետ ստորագրել է գործարք, որի համաձայն՝ ընկերությունը վերահսկելու է Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ «առևտրային միջանցքներով» ապրանքների ու բեռների տեղափոխումը։ «Կոմերսանտ»-ը զրուցել է Գրիգորի Կարասինի հետ։

Պատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալվում 2011-ի պայմանագրից՝ Կարասինն ասել է, որ այն «մեծ խթան կհանդիսանա տարածաշրջանում առևտրի համար»։ Նա պատմել է, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո առաջացած դժվարությունները կայանում էին նրանում, որ Վրաստանը չէր ճանաչում իր տարածքում երկու անկախ պետությունների ստեղծումը, և առկա էր նրա մաքսային սահմանի անցման հարցում անորոշություն։

«Այսպիսով, 2011-ի պայմանագիրը հստակեցրել է այդ հարցը։ Այդ միջազգային պայմանագրում նշված են վրաստանյան մաքսային ծառայության համար նախատեսված աշխարհագրական կոորդինատները։ Դա Կազբեգի շրջանն է Ռուսաստանի հետ սահմանին, Ինգուրի գետից հարավ ընկած կետը (որից հետո սկսվում է Աբխազիայի տարածքը) և Գորիի մերձակայքը (Հարավային Օսիայի հետ սահմանի մոտ)»,- պարզաբանել է ՌԴ պաշտոնյան։

Վրաստանի ստորագրած համաձայնագիրը կարող է բացել Աբխազիայի ու Օսիայի ճանապարհը

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ համաձայնագրի կյանքի կոչման գլխավոր շահառուն Հայաստանն է։ Այսինքն, որ Մոսկվան դա անում է ոչ այնքան իր համար, որքան Երևանի խնդրանքով»,- «Կոմերսանտ»-ի թղթակից Ելենա Չեռնենկոն հարց է ուղղել Կարասինին։

«Հայաստանից խնդրանք իսկապես ունենք, սակայն տվյալ դեպքում խոսք է գնում նեղ, երկկողմ համաձայնագրի մասին Ռուսաստանի և Վրաստանի միջև, որը կնքվել է Շվեյցարիայի աջակցությամբ։ Այն պարտավորություններ չի ստեղծում երրորդ երկրների համար, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունների համար»,- պարզաբանել է Կարասինը։

Սերժ Սարգսյանի «շնորհակալությունը» Վրաստանին

Հունվարի սկզբին Eurasianet կայքը անդրադարձել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները որպես առևտրային տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորություններին։

«Ներկայում Վերին Լարսը Հայաստանի բեռնատար մեքենաների համար Ռուսաստան՝ Հայաստանի խոշորագույն արտահանման շուկաներից մեկին հասնելու միակ ցամաքային տարբերակն է: Քանի որ բեռնատարներով երթևեկը պարբերաբար կաթվածահար է լինում, երբ ձյունը կամ մթնոլորտային այլ աղետներ փակում են վրաց-ռուսական անցակետը, Հայաստանի կառավարությունը երկար ժամանակ համոզում էր Թբիլիսիին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այլընտրանքային երթուղիների օգտագործման համար:

Որպես շնորհակալություն SGS-ի հետ գործարքի համար՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին Վրաստան կատարած այցի հայտարարեց, որ Վրաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալ Հայաստանի վրայով, և կարող է օգտվել նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտուն միանալու առավելություններից»,- նշվում է հոդվածում:

«Առևտրային միջանցնքները կարևոր են Հայաստանի համար»

Վրաստանը միակ պետությունն է, որը ցամաքային սահմանով կապում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ: Ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ՝ այս համաձայնությունը հնարավորություն է տալիս Հայաստանին «շրջանցել մաքսային ձևակերպումների հետ կապված բավականին խրթին հարցերը, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայի ավտոճանապարհը, քանի որ Վերին Լարսի ճակատագիրը մեծապես կախված է եղանակի քմահաճույքից»։

Մարկեդոնովի կարծիքով՝ այս համաձայնության իրագործման դեպքում հնարավորություն կբացվի նաև Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման համար:

Exit mobile version