Site icon CIVILNET

Փետրվարի 28-29, 2008. Տեր-Պետրոսյանը ժամանակ է տալիս Եվրոպային, Արթուր Բաղդասարյանը միանում է Սերժ Սարգսյանին

2008-ի փետրվարի 28-ին տեղեկություններ են ստացվում, որ ընդամենը երկու օր առաջ ԱԱԾ-ն հետախուզում է հայտարարել Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Փաշինյանի գտնվելու վայրը, մինչդեռ, հայտնի էր․ նա Ազատության հրապարակում հանրահավաքներ էր վարում և սուր ելույթներ ունենում։ Փետրվարի 28-ին էլ հանրահավաքի ընթացքում պարբերաբար ելույթ է ունենում Փաշինյանը։

Փետրվարի 28-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը դիմում է արևմտյան երկրներին ու կառույցներին՝ կոչ անելով ֆորմալիստական հայտարարություններով հանդես չգալ. «Արևմուտքի ձեռքում է Հայաստանի ժողովրդավարության բախտը։ Տասը օրվա ընթացքում Արևմուտքը հնարավորություն ունի Հայաստանում ունենալ կա՜մ առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետություն, կա՜մ Միջին Արևելքի տիպի ամենահետին պետություններից մեկը։ Սա է այլընտրանքը»։

Նույն օրը Տեր-Պետրոսյանը հանդիպում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին։ Վերջինս ավելի ուշ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, ասում է, թե Հայաստանում բազմակարծությունը կայացել է։

2008-ի փետրվարի 28-ին մարդու իրավունքներ պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ազդարարում է, որ հետընտրական գործընթացներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հավասարակշռված է անդրադառնում։ Փետրվարի 20-ից ի վեր ընդդիմությունն ու քաղաքացիները, մինչդեռ, բարձրաձայնում են՝ Հանրային հեռուստաընկերությունը կա՜մ չի լուսաբանում հանրահավաքները, կա՜մ լուսաբանում է բացասական ենթատեքստով։

Որոշ հեռուստաալիքներ և թերթեր անդրադառնալով հանրահավաքներին, կադրեր են ներկայացնում, որտեղ երևում է Իսրայելի դրոշը Ազատության հրապարակում։ Նույն օրը Հայաստանում հրեական համայնքը շնորհավորում է Սերժ Սարգսյանին։ Այդ օրերին Հանրային հեռուստաընկերությունը պարբերաբար ձայն է տալիս Ազատության հրապարակի մոտակայքում բնակվող այն մարդկանց, ովքեր դժգոհում են հավաքներից ու հայտարարում, թե շուրջօրյա հավաքներով իրենց անդորրը խանգարվում է։

Մարդու իրավունքներ պաշտպան Արմեն Հարությունյանը խոսում է նաև ընդդիմադիրների ձերբակալություններից ու ասում. «Իրավական մեխանիզմները հիանալի ցույց կտան, թե որքանով է այդ ամենը հիմնավորված, որքանով՝ ոչ: Ճիշտ է՝ ձեր ասած մարդիկ հիմնականում ընդդիմադիր դաշտից են, բայց դա չի նշանակում, որ այդ մեղադրանքներն իրավական տեսակետից անհիմն են»։

Մինչ Արմեն Հարությունյանը հորդորում է սպասել ձերբակալված ընդդիմադիրներին առաջադրված մեղադրանքների հիմնավորվածությանը, ոստիկանությունը շարունակում է ճնշումներ գործադրել շարժման անդամների նկատմամբ։ Շարունակվում են ահազանգեր ստացվել, որ հանրահավաքի տարբեր մասնակիցներ ազատվում են աշխատանքից։

Ազատության հրապարակի մերձակայքում ապրող մի քանի քաղաքացիներ բողոքելով իրենց անդորրը խաթարող շարժման դեմ՝ Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ ցույց են անցկացնում։ Փետրվարի 28-ին Մալաթիա-Սեբաստիայում ոստիկանները հենց տնից բերման են ենթարկում Տեր-Պետրոսյանի երկու աջակիցների՝ Արմեն Կարագյոզյանին ու Գագիկ Եղիազարյանին։ «Չարտոնված հանրահավաքներին» մասնակցելու համար ոստիկանություն են բերման ենթարկվում Լյովա Եղիազարյանն ու նրա որդի, լրագրող Արտակ Եղիազարյանը։

Նոյեմբերյանում ի աջակցություն Վանո Սիրադեղյանի ձերբակալված եղբոր՝ Սերյոժա Սիրադեղյանի, հանրահավաք է տեղի ունենում։

Ոստիկաններ Արայիկ Պետրոսյանն ու Ռոբերտ Մելքոնյանը ծեծի են ենթարկում «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի լուսանկարիչ Գագիկ Շամշյանին։

2008-ի փետրվարի 28-ին խորհրդարանն ընդունում է ԱԺ նախագահի տեղակալ, ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հրաժարականի դիմումը։ Ազատության հրապարակում շարունակվում են շուրջօրյա հանրահավաքները։ Տեր-Պետրոսյանի հետ դրանց մասնակցում են նաև նրա թոռները։

Փետրվարի 29

2008-ի փետրվարի 29-ին նախագահական ընտրություններում երրորդ տեղում հայտնված ՕԵԿ թեկնածու Արթուր Բաղդասարյանը, չնայած ընտրություններում զանգվածային խախտումների մասին խոսելուն, Սերժ Սարգսյանի հետ համագործակցության հուշագիր է ստորագրում, ստանում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն ու Սերժ Սարգսյանի հետ շամպայն ըմպում։

Արդեն իններորդ օրը շուրջօրյա հանրահավաք անցկացնող Տեր-Պետրոսյանի աջակիցները մեծ դժգոհությամբ ու զայրույթով են ընդունում այս փաստը։ Որոշ ՕԵԿ-ականներ գալիս են Ազատության հրապարակ ու ցուցադրաբար պատռում իրենց կուսակցական անդամատոմսերը։ ՕԵԿ-ից շատ անդամներ հեռանում են։

Բաղդասարյանի քայլը ընդդիմության կողմից որակվում է դավաճանություն։ Մարտի 21-ին Հանրապետականը, Բարգավաճ Հայաստանն ու Օրինաց երկիրը ստորագրում են կոալիցիոն հուշագիր։

Ազատության հրապարակում հիշեցնում են, որ համաձայնագիրը ստորագրելուց մի քանի ամիս առաջ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Արթուր Բաղդասարյանին համարել էին դավաճան, և հիմա ստացվում է, որ նրանք համագործակցում են դավաճանի հետ։ Բանն այն էր, որ համաձայնագրից ամիսներ առաջ ԱԱԾ-ն բացահայտել էր, որ Արթուր Բաղդասարյանը հանդիպել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանին և խնդրել, որ բացասական գնահատականներ տրվեն ընտրություններին և ճնշումներ բանեցվեն իշխանությունների վրա։

Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Բաղդասարյանի ու Սարգսյանի համաձայնագրին, հայտարարում է. «Ես այս անունը [Արթուր Բաղդասարյան] այլեւս չեմ արտասանելու, նրա հետ կապված ոչինչ չեմ մեկնաբանելու: Պարզապես մարդ էր, որը դավաճանեց իր ազգին և կանգնեց Թոխմախի Մհերի և Նեմեց Ռուբոյի կողքին»։

Դիտորդների արձագանքը

Արևմտյան որոշ կառույցներ ու անձինք արձագանքում են նախորդ օրը Տեր-Պետրոսյանի գնահատականներին։ Վերջինս կոչ էր արել Արևմուտքին վերջ տալ ֆորմալ գնահատականներին։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետ Ժան-Քրիստոֆ Պյոշը հայտարարում է՝ իրենք քաղաքական գնահատականներ հնչեցնելու լիազորություններ չունեն։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարության մեջ ասվում է, որ «դրական են գնահատում Հայաստանի որոշումը` իրական ջանքեր գործադրել ընտրություններում արձանագրված բացթողումները, այդ թվում՝ օրենսդրական դաշտի թերությունները շտկելու համար»։ Միևնույն ժամանակ վերջիններս մտահոգություն են հայտնում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների առթիվ։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը բացատրում է տարբեր ընտրություններում իրենց տված «մեծամասամբ համապատասխանել» և «հիմնականում համապատասխանել» բառակապակցությունների տարբերությունները։ Նա պատմում է նաև, որ մի քանի անգամ միացրել է հեռուստացույցը՝ Տեր-Պետրոսյանի հանրահավաքների մասին պատմող տեսանյութ դիտելու համար, սակայն այդպես էլ տեսանյութ չի հայտնաբերել։ Այնուհանդերձ, անդրադառնալով Ազատության հրապարակում կատարվող իրադարձություններին, Արենսն ասում է. «Ես իրավունք չունեմ խորհուրդներ տալու, բայց մի անձնական դիտարկում. մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, և չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան: Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով: Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն այս երկրի քաղաքական գործիչները»։

Ռոբերտ Քոչարյանի արձագանքը

Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 29-ին իր պաշտոնում վերջին անգամ հյուրընկալվում է ԵՊՀ-ում ու խոսում քաղաքական գործընթացներից։ Քոչարյանը իրադարձություններ ընթացքի չորս տարբերակ է ուրվագծում։

Առաջին, որ մարդիկ խոր հիասթափություն են ապրելու, երկրորդ, որ ընդդիմությունը գրոհելու է պետական հասատատությունների վրա ու հայտնվելու է օրենքից դուրս վիճակում; երրորդ, որ ընդդիմությունը պատրաստվի հաջորդ ընտրություններին, և չորրորդ, որ ընդդիմությունը շնորհավորի Սերժ Սարգսյանին, ու Տեր-Պետրոսյանը գնա հերթական գիտական աշխատանքը գրելու։

Տեր-Պետրոսյանի՝ «ավազակապետական բուրգը կազմաքանդելու» թեզը Քոչարյանը համեմատում է պետությունը քանդելու հետ և ասում. «Մարդիկ, ովքեր ուրախանում են սեփական երկրի կործանմանը, իրենց այնպես են պահում, թե իբր ապրում են օտար պետությունում: Եվ ես հարցնում եմ ինքս ինձ՝ իսկ արդյոք նրանք որևէ ընդհանուր բան ունե՞ն իրենց հայրենիքի հետ»։

Քոչարյանն անդրադառնում է նաև Տեր-Պետրոսյանին եթեր չտրամադրելու հարցին՝ դա պատճառաբանելով Հանրային հեռուստատեսության բարոյական նկատառումներով։

Արթուր Բաղդասարյանի կոալիցիոն համաձայնագրից ու Քոչարյանի հայտարարություններից հետո ընդդիմության բազմահազարանոց հանրահավաք-երթերը շարունակվում են։ Հնչում է երգ ու պար:

Մկրտիչ Կարապետյան

Exit mobile version