Site icon CIVILNET

Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել գեներալ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության խնդրին։

Ֆեյսբուքի իր էջում տեղադրած տեսանյութում Փաշինյանը ասում է, որ հիմնավոր կասկածներ կան, ըստ որոնց՝ Մանվել Գրիգորյանը յուրացրել է Արցախի համար նախատեսված օգնությունը, զինվորների համար ուղարկված սնունդը տվել է իր արջերին ու վագրերին, նաև մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք է պահել։ Փաշինյանը խոսում է նաև այն խնդրի մասին, որ Էջմիածնում Մանվել Գրիգորյանն իր տան փողոցն ուղեփակոցներով ոչ երթևեկելի է դարձրել քաղաքցիների համար։

«Այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, այսպիսի երևույթներ չեն լինելու՝ անկախ նրանից, թե ով է այդ երևույթների հեղինակը՝ ազգային հերոս, թե, ասենք, վարչապետի ընտանիքի անդամ։ Չի լինելու այդպիսի բան, քանի դեռ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ»։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում սկսվել է կոռուպցիայի դեմ ազնիջում պայքար։

«Ես ուզում եմ արձանագրել, թե ինչ է նշանակում դա։ Կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է բազմաթիվ մարդկանց՝ ազդեցիկ, փողատեր, լծակներ և զենք ունեցող, զինված խմբեր ունեցող, հանել այդ պայաքրի դեմ, հանել տվյալ դեպքում իմ դեմ և կոռուպցիայի դեմ պայքարող մարդկանց դեմ։ Եվ իհարկե այս գործընթացում շատերն են հասկանում և շատերն են ուզում մեր ուշադրությունը հրավիրել, թե ահա՛, այդքան ազդեցիկ մարդկանց մեր դեմ հանելու ճանապարհը սխալ ճանապարհ է, որ ավելի լավ է գտնել կոմպրոմիսներ, ավելի լավ է հարմարվել, ավելի լավ է ինչ որ բաներ չնկատել, որպեսզի այսպես ասած՝ ամեն ինչ լավ լինի բոլորի համար։

Ես ուզում եմ շատ հստակ մի բան ասել՝ ես չեմ պատրաստվում կոռուպցիայի դեմ պայքարում կոմպրոմիսի գնալ, որովհետև համարում եմ՝ ժողովուրդը ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիոն համակարգի մի մասը։ Ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որ ես իմ թիմով կոռուպցիան արմատախիլ անենք Հայաստանում։ Ես ասել եմ, որ օրենքի առաջ բոլորը հաավասար են լինելու և սա վերաբերում է ընդհուպ իմ ընտանիքի անդամներին։ Ոմանց թվացել է, թե ես ուղղակի քաղաքական հայտարարություն եմ անում՝ քաղաքական հայտարարություն արած լինելու համար։ Ես ուզում եմ հավաստիացնել, որ շատ ուշադիր եմ իմ հայտարարություններում և ինչ որ ասում եմ, ասում եմ ամենայն լրջությամբ։ Այն, ինչ ես հայտարարում եմ, այն է, ինչ կա իմ մտքում և մտնում է իմ մտադրությունների մեջ»։

Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը Էջմիածնում ձերբակալել է իրար դեմ հակամարտող երկու խմբավորումների ղեկավարների՝ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին և ռուսաստանաբնակ էջմիածինցի գործարար Արթուր Ասատրյանին, որ հայտնի է Դոն Պիպո մականունով։

Exit mobile version