Site icon CIVILNET

Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է լքել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 17-ին երեք լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել է, որ հեռանալու է Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, բայց չի հաստակեցրել՝ երբ։ Սեպտեմբերին տեղի է ունենալու Ֆեդերացիայի նախագահի ընտրություններ։ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ չի առաջադրվի և որ լավագույն թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է։

«Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնց պետք է արագ լուծում տրվի, հակառակ պարագայում շատ հարցեր մնում են: Հիմա նման խնդիրների առաջ ենք կանգնած: Լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է: նրա ղեկավարությամբ պայմանավորված խաղերը կբացառվեն»,- ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ Վանեցյանը կարող է իր արածի վրա ավելացնել։ Հայրապետյանը նշել է, որ եթե Վանեցյանն առաջադրվի այդ պաշտոնում, ինքը չի առաջադրվի և այն մարդկանց, ովքեր իրեն էին ընտրելու, կոչ կանի քվեարկել Արթուր Վանեցյանի օգտին։

Հուլիսի 16-ին հայկական ֆուտբոլային երեք ակումբ՝ Փյունիկը, Շիրակն ու Արարատը իրարից անկախ հայտարարություններ էին տարածել՝ բողոքելով Ֆուտբոլի ֆեդերացիայի տարբեր գործողությունների դեմ։

Exit mobile version