Մոսկվան լիահույս է, որ կկարողանա նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ 2018 թվականի արդյունքներով հրավիրված մեծ ասուլիսին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Անցյալ տարին այն տարին էր, երբ Հայաստանում փոխվեց ղեկավարությունը, հետևաբար ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ համանախագահների աշխատանքում մեր ներդրման առումով այն սահմանափակվեց ճանաչողական շփումներով»,- ասել է Լավրովը։
Լավրովի կարծիքով՝ Բաքվից հնչած հայտարարությունները՝ հանգուցալուծում փնտրելու պատրաստակամության մասին, «արժանի են ամենայն աջակցության»։
«Հուսով ենք՝ մեր հայ ընկերները կպատասխանեն փոխադարձությամբ»,- TASS գործակալության փոխանցմամբ՝ ասել է դիվանագետը։
Այս պահին Փարիզում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
Ստելլա Մեհրաբեկյան