Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում շրջանառության է դրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։
Մեկ օրվա ընթացքում նախագիծը բուռն քննարկվել է։ Ամփոփաթերթում առկա է հարյուրից ավելի առաջարկ։ Հունվարի 25-ի դրությամբ՝ նախագծին հարթակում կողմ է 29 օգտատեր, դեմ՝ 389-ը։
Եկամտահարկի համահարթեցում
Ներկայում գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23, 28 և 36 տոկոս դրույքաչափեր։ Ֆինանսների նախարարությունը առաջարկում է փոխել այս համակարգը՝ ներդնելով եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափ։ Ըստ նախագծի՝ 2019թ․ սեպտեմբերի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար կնվազեցվի մինչև 20 տոկոս:
Փոփոխություն պարտադիր կուտակային համակարգում
Եկամտահարկի համահարթեցման քայլին զուգահեռ առաջարկվում է աստիճանաբար վերականգնել պարտադիր կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը։ Ներկայում աշխատողի աշխատավարձից պահվում է 2,5% և 7,5% ավելացնում է պետությունը։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության նախագծում ամրագրվում է հետևյալը.
«2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կազմում է ամսական համախառն եկամտի 6,5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 32,500 դրամը։ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կազմում է ամսական համախառն եկամտի 5,5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 27,500 դրամը»։
Այս դրույթներից կարելի է եզրահանգել, որ 2022-ից կուտակային համակարգն ամբողջությամբ կգործի պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը՝ 5%-ը քաղաքացին, 5%-ը՝ պետությունը։
Ֆինանսների նախարարության դիտարկումները ցույց են տալիս, որ «շուրջ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսի մասով հայտարարագրված ամսական եկամուտը չի գերազանցում 150,000 դրամը, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ հայտարարագրվում է վարձու աշխատողների ընդամենը 0.3 տոկոսի մասով»:
Ալկոհոլի ակցիզային հարկի բարձրացում
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2019-ի հուլիսի 1-ից բարձրացնել որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը։ Այդ շարքին են դասվում օղու և էթիլային սպիրտի ակցիզային հարկերը՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։
Շատ ձիաուժով մեքենաների հարկման ավելացում
Կառավարությունը կվերանայի նաև 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ։
Այլ փոփոխություններ
Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս։ 2020-ից ցանկանում են «էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը»։ Մասնավորապես, առաջարկվում է վերացնել արտոնագրային հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ։ Այս ոլորտում կլինեն այն ձեռնարկատերերը, որոնց իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:
Լուսանկարը՝ Արմեն Մկրյանի