Site icon CIVILNET

Մայիս 28-ը և Հայաստան-Օսմանյան կայսրություն հարաբերությունները

1917թ. աշնանը Թիֆլիսում գումարվեց Հայոց ազգային խորհրդակցություն, որին, բացառությամբ բոլշևիկների, որոնք բոյկոտեցին և դատապարտեցին երկշաբաթյա հավաքը, մասնակցեցին ՀՅԴ-ից՝ 113 հոգի, Հայ ժողովրդական կուսակցությունից՝ 43, սոցիալիստ-հեղափոխականներից՝ 23, սոցիալ-դեմոկրատներից՝ 9 հոգի: Խորհրդակցությունը ընտրեց 15-հոգանոց գործադիր մարմին՝ Ազգային խորհուրդ, որի նախագահ դարձավ ՀՅԴ-ական Ավետիս Ահարոնյանը: Հենց այս՝ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդին էր վիճակված ամիսներ անց՝ 1918-ի մայիսի 30-ին, հայտարարել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի:

Մայիս 28-ն է համարվում է Հայաստանի անկախության հռչակման կամ Հայաստանի Հանրապետության ստեղծման օր: Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը հենց մայիսի 28-ին լուրջ բանավեճերի արդյունքում և դժկամությամբ վճիռ կայացրեց Բաթում ուղարկել պատվիրակություն և Հայաստանի անունից բանակցել ու հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ։

Մայիսի 26-ի առավոտյան լուծարվեց մի քանի շաբաթվա կյանք ունեցած Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը (նրա մեջ մտնում էր այսօրվա անդրկովկասյան պետությունների տարածքը․ ղեկավարում էին վրացիները, կովկասյան թաթարները՝ ադրբեջանցիներ, և հայերը, ավելի հստակ՝ վրաց մենշևիկները, Մուսավաթը և ՀՅԴ-ն)։

Անդրկովկասյան Սեյմը (հայերի, վրացիների և մուսուլմանների, այսօր՝ ադրբեջանցիներ, օրենսդիր մարմինը) Թիֆլիսում 1918թ. մայիսի 26-ին գումարեց իր վերջին նիստը, որի ընթացքում ընդունվեց Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը լուծարելու վրացի մենշևիկների առաջարկությունը: Նույն օրը երեկոյան Վրաց Ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը:

Դեռ Բաթումի բանակցությունների ընթացքում, որոնք սկսվեցին 1918-ի մայիսին, հայ պատվիրակների համար պարզ է դառնում, որ վրացիները անկախություն են ուզում, ինչպես նաև՝ հաշտություն Օսմանյան կայսրության հետ։ Բաթումում, երբ հայ պատվիրակներից Ալեքսանդր Խատիսյանը Նոյ Ժորդանիային բողոքում է, որ գեղեցիկ բան չէ ընկերներին թողնել նեղության պահին, Վրաստանի ապագա վարչապետը պատասխանում է․ «Եթե դուք խորտակվում եք, ապա մենք պարտավոր չենք խորտակվել ձեզ հետ։ Վրաստանը սովոր չէ լինել թուրքերի իշխանության տակ, իսկ հայերը սովոր են»։

Վրացիների վարմունքը սարսափելի կացություն ստեղծեց հայերի համար, գրում է ՀՀ վերջին վարչապետ և ազդեցիկ ՀՅԴ-ական Սիմոն Վրացյանը: Հայերը նենգ դավադրություն ու դավաճանություն էին տեսնում վրացիների վարմունքի մեջ: Մայիսի 26-ի երեկոյան Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը բուռն վիճաբանություններից հետո ձայների ճնշող մեծամասնությամբ որոշեց բողոքել Վրաստանի անկախության դեմ, գրում է Վրացյանը:

Մայիսի 26-ի նիստին մասնակցող ՀՅԴ-ականներ Ավետիս Ահարոնյանը, Արտաշես Բաբալյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, ինչպես նաև սոցիալիստ-հեղափոխականները և անկուսակցականները վճռական կերպով դեմ էին արտահայտվում անկախությանը: ՀՅԴ-ականների մեկ այլ խումբ՝ Խաչատուր Կարճիկյանը, Սամսոն Հարությունյանը, Սիմոն Վրացյանը, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատները այլ ելք չէին տեսնում, քան Հայաստանի անկախության հայտարարությունը:

Հայաստանի անկախության հռչակմանը դեմ սոցիալիստ-հեղափոխականները, չեզոքները և ՀՅԴ մի հատվածը մտահոգված էին. Հայաստանի մեծ մասը թուրքերը գրավել են, և Ռուսաստանից անջատվելը լուրջ անհանգստություն էր պատճառում: Բացի այդ, անկախություն հռչակելու և Ռուսաստանից անջատվելու պահանջը հենց թուրքերն էին դնում: Սիմոն Վրացյանի վկայությամբ` Հայոց Ազգային խորհուրդը Թիֆլիսում հարկադրված եղավ Հայաստանը հայտարարել անկախ, «որովհետև այն պահին անկախությունը բոլորի կողմից համարվում էր ահավոր մի հեռանկար, հայ ժողովուրդը թուրքերի լծի տակ գցելու վտանգ»:

«1918թ. մայիսին թուրքերն ի վիճակի էին գրավելու և՛ Երևանը, և՛ ամբողջ Հայաստանը, բայց չգրավեցին: Հակառակը, հունիսի 4-ին Բաթումում, Հայաստանի նորակազմ կառավարության ներկայացուցիչների հետ նրանք ստորագրեցին հաշտության դաշնագիր և դրանով փաստորեն ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Այսպիսով, պատմության դառը հեգնանքով, Հայաստանի անկախության միջազգային առաջին ճանաչումը կատարեցին թուրքերը»,- գրում է Վրացյանը:

1918թ. մայիսի 28-ից երկու օր առաջ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի որևէ անդամ կամ կուսակցություն չէր ուզում լսել Հայաստանի անկախության մասին։ Նախ՝ դա պարտադրում էին թուրքերը և երկրորդ՝ վախ կար, որ Հայոց ցեղասպանությունը կշարունակվի, այս անգամ՝ Ռուսական Հայաստանում: Իսկ թուրքերը Հայաստանի և Անդրկովկասի անկախությունն էին ուզում, որպեսզի այդ տարածքը պոկվի Ռուսաստանից և դառնա իրենց ու ռուսների միջև բուֆերային գոտի:

Ժամանակի մեկ այլ ազդեցիկ ՀՅԴ-ական՝ Ռուբեն Տեր-Մինասյանը, գրում է, որ մինչև 1917թ․ ոչ մի հայ կուսակցություն չէր ձգտել Երևանի նահանգը բաժանել Ռուսաստանից և նրանից կազմել Հայաստանը: Հայ կուսակցությունները և առհասարակ հայ ժողովուրդը ձգտել են ունենալ անկախ Հայաստան, բայց ոչ թե Ռուսաստանում, այլ ԹուրքաՀայաստանում… Արարատյան Հայաստան ստեղծելու միտքը առաջին անգամ, համաձայն Մինասյանի, թուրքերն են առաջարկել: 1914-ին, երբ Էրզրումում ընթանում էր ՀՅԴ Ընդհանուր ժողովը, երիտթուրքերը ուղարկեցին Բեհաեդդին Շաքիրին, Օմար Նաջիին և Հիլմի բեյերին, ովքեր ՀՅԴ-ին առաջարկեցին Հայաստան ստեղծել՝ կենտրոն ունենալով Էջմիածինը:

ՀՀ երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը իր գրքում մի ուշագրավ մանրամասն է մեջբերում իր և Թալեաթ փաշայի միջև զրույցից, որը տեղի է ունեցել 1918-ի աշնանը Պոլսում:

Թալեաթը Խատիսյանին պատմել է. «Էնվեր փաշան գտնում էր, որ քանի որ հայերը եղել են և պետք է միշտ լինեն մեր թշնամիները և հանգիստ չպետք է թողնեն մեր Անատոլիայի նահանգները, ավելի լավ է, որ հիմնապես նրանք բնաջնջվեն նաև Կովկասում, ինչպես՝ Թուրքիայում: Իսկ փոքրիկ Հայաստանը Կովկասում պատճառ պիտի դառնա, որ միշտ ձգտի ընդարձակել իր սահմանները և դառնա հավիտենական վտանգ Թուրքիայի համար: Իսկ ես պատասխանեցի, որ դա անհնար ծրագիր է թեկուզ այն պատճառով, որ, այսպես թե այնպես, երկու միլիոնի չափ ողջ մնացած հայեր կան այժմ և անհնար է նրանց բոլորին ոչնչացնել, ուստի ավելի լավ է, որ նրանց գոհացում տրվի, որովհետև եթե նույնիսկ հարյուր հազար հայեր մնան աշխարհի երեսին, երբեք մեզ հանգիստ չպիտի տան: Եվ վերջապես փոքրիկ Հայաստան ստեղծելով՝ մենք լուծած կլինենք հայկական հարցը և այդպես կներկայանանք միջազգային խորհրդաժողովին»:

Խատիսյանը իր գրքում գրում է՝ «Թալեաթ փաշայի տեսակետը հաղթել էր, և թուրքերը ստեղծեցին փոքրիկ Հայաստանը: Սրանից հետո Էնվեր փաշան մի օր պարծենալով՝ ինձ ասաց. «Ես լուծեցի շատ դժվարին մի խնդիր, ստեղծեցի Հայաստանը, գոհացում տվեցի հայերի ազգային պահանջներին, բայց այդ արեցի այնպիսի մի ձևով, որ չզոհեցի ոչ մի թիզ թուրքական հողերից»:

Մայիսի 27-ին Թիֆլիսում Մահմեդական ազգային խորհուրդը որոշեց հռչակել Ադրբեջանի անկախությունը, մի հանրապետություն, որը պետք է ներառեր Հարավային և Արևելյան Անդրկովկասը: Ակտը պաշտոնապես հռչակվեց հաջորդ օրը, և անդրկովկասյան թաթարների կառավարող մարմինը Ելիզավետպոլը՝ այսօրվա Գյանջան, ընտրեց ժամանակավոր մայրաքաղաք, քանի որ Բաքուն դեռևս մնում էր հայկական և բոլշևիկյան ուժերի համատեղ տիրապետության տակ՝ Ստեփան Շահումյանի ղեկավարությամբ:

Մայիսի 28-ի առավոտյան Հայոց Ազգային խորհուրդն ու օրվա հիմնական քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, քվեարկությամբ դեմ էին արտահայտվել Հայաստանն անկախ հռչակելու թուրքերի վերջնագրին: ՀՅԴ-ում անկախությանը դեմ էր 8 հոգի, կողմ՝ 2-ը: Նույն օրը ՀՅԴ-ականներ Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին, ովքեր ժամ առաջ էին վերադարձել Բաթումից (որտեղ Անդրկովկասյան պատվիրակության կազմում բանակցություններ էին վարում թուրքերի հետ), հորդորեցին կուսակիցներին, որ Հայաստանի անկախության հռչակումն ու թուրքերի հետ բանակցելու վերջնագիրն ընդունելն այլընտրանք չունեն: ՀՅԴ-ն նոր քվեարկություն կազմակերպեց: Այս անգամ 9 կողմ և 1 դեմ քվեով ընդունվեց թուրքերի վերջնագիրը:

Ապա տեղի ունեցավ նոր քվեարկություն արդեն Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդում, որը 8 կողմ և 6 դեմով ընդունեց թուրքական վերջնագիրը: Բազմակուսակցական մարմնում ձայները բաժանվեցին այսպես. ՀՅԴ՝ 6 կողմ, Հայ ժողովրդական կուսակցություն՝ 2 կողմ, սոցիալ-դեմոկրատներ՝ 2 դեմ, սոցիալիստ-հեղափոխականներ՝ 2 դեմ, անկուսակցականներ՝ 2 դեմ:

Հայոց Ազգային խորհուրդը թուրքական վերջնագիրը համարում է ընդունված: Հարց է առաջ գալիս՝ ո՞վ է ընդունում վերջնագիրը՝ Հայոց Ազգային խորհո՞ւրդը, թե՞ Ազգային խորհրդից կազմված Հայոց կառավարությունը:

Ալեքսանդր Խատիսյանը ընդգծում է, որ մինչև Բաթում հայ պատվիրակության մեկնելը, ճիշտ կլինի Հայաստանի անկախությունը հայտարարվի. «Պետք է օգտվել պահից և թուրքերին ճանաչել տալ անկախ Հայաստանը: Մանդատը պետք է Հայաստանի կառավարության անունից լինի: Դրա համար անհրաժեշտ է, որ Ազգային խորհուրդն իրեն ժամանակավոր կառավարություն հայտարարի, հետո կարող է կազմը փոխել»:

Ահա այսպես ընդունվեց թուրքական վերջնագիրը, որը կազմված էր երկու հիմնական կետից` Հայաստանը հռչակել անկախ և բանակցությունների նպատակով պատվիրակություն ուղարկել Բաթում: Նույն օրն իսկ՝ մայիսի 28-ին, Խատիսյանը, Քաջազնունին և Պապաջանյանը կրկին ուղևորվեցին Բաթում՝ թուրքերի հետ բանակցելու արդեն որպես Հայաստանի ներկայացուցիչներ: Հենց այդ բանակցությունների արդյունքում էր, որ հայերն ու թուրքերը Հաշտության և բարեկամության պայմանագիր կնքեցին հունիսի 4-ին։ Հայաստանի կողմից այն ստորագրեցին ՀՅԴ-ականներ Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը և ժողովրդական Միքայել Պապաջանյանը։

Պատվիրակությանը Բաթում ճանապարհելուց հետո էլ բանավեճը Թիֆլիսում չդադարեց: Մայիսի 29-ին գումարվեց ՀՅԴ Արևելյան և Արևմտյան Բյուրոների, ՀՅԴ Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի և Սեյմի ու Հայոց Ազգային խորհրդի դաշնակցական հատվածների միացյալ նիստը, որտեղ մեկ անգամ ևս քննության առնվեց քաղաքական իրավիճակը: Այս ժողովից հետո միայն, հաջորդ օրը՝ մայիսի 30-ին, Հայոց Ազգային խորհուրդը արեց վճռական քայլ և իրեն հռչակեց «հայկական գավառների գերագույն իշխանություն»: Վրացյանի խոսքերով՝ «անկախության հարցը նյութ եղավ երկար և հուզումնալից վիճաբանության, բայց Ազգային խորհուրդը սիրտ չարեց հարևանների օրինակին հետևելու. ոչ ոքի բերանին չէր գալիս «անկախություն» բառը»: Ու թեև հայտարարությունը «իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի առումով դարձավ այդպիսին»:

Զորավար Անդրանիկը դատապարտեց Հայաստանի անկախությունը և Բաթումում ստորագրված պայմանագիրը, որով ստեղծվեց 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հանրապետություն: Զորավարը հայտարարեց, որ «դա թուրքի ձեռքով ստեղծված երկիր է»:

Հայաստանի Հանրապետությունն ու Օսմանյան կայսրությունը՝պարտադրված դաշնակիցներ. 1918-ի մայիսի 28-ից նոյեմբեր

Առաջին պետությունը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, ճակատագրի հեգնանքով, հենց Օսմանյան կայսրությունն էր, անկում ապրող մի տերություն, որի առաջնորդները ընդամենը երեք տարի առաջ հղացել, կազմակերպել ու իրագործել էին Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագիրը:

Հունիսի 4-ի երեկոյան Բաթումում ճառեր են փոխանակում Օսմանյան կայսրության և Հայաստանի պատվիրակները: Հայկական պատվիրակության ղեկավար Խատիսյանը ասում է.

«Հայաստանը, որի անունով պատիվ ունեմ խոսելու, երկար տարիներ շատ զոհողություններ է կրել, որպեսզի ազգային գոյության իրավունք ստանա։ Այսօր բացահայտ կերպով այդ իրավունքը ստացավ և մտավ անկախ պետությունների շարքը։ Այս մեծ օրը մի հանդիսավոր թվական կլինի հայերի պատմության էջերում։ Թեպետ նոր պետության սահմանները մեծ չեն, բայց հայ ժողովրդի ազատության ու մշակույթի սերը, նրա աշխատանքի ընդունակությունը, հույս ունեմ, որ արժանավոր տեղ կապահովեն հարևան պետությունների շարքում։ Մենք ուզում ենք, որ կայուն խաղաղություն և հավիտենական բարեկամություն հաստատվի Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև»:

Հանրապետության հիմնադրման առաջին հինգ ամիսներին նրա հիմնական դաշնակիցը Քառյակ միությունն էր՝ Օսմանյան կայսրությունը, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան: Հայաստանի դեպքում, անշուշտ, տոն տվողը Օսմանյան կայսրությունն էր, որի հետ 1918-ի հունիս-նոյեմբեր ամիսներին ունեցել ենք դիվանագիտական ամենաակտիվ հարաբերությունները:

Ճիշտ է նաև, Բաթումի դաշնագիրը թուրքերը պարտադրել են հայերին, պարտադրել՝ բառի բուն իմաստով: Նույն կերպ պարտադրվել են դաշնագրին կից մյուս արձանագրությունները:

Հայ-օսմանյան/թուրքական դիվանագիտական ինտենսիվ հարաբերությունների գագաթնակետը 1918-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներն էին, երբ հայկական պատվիրակությունը, որը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, Պոլսում բազմաթիվ հանդիպումներ ունեցավ Էնվերի, Թալեաթի, թուրք այլ պաշտոնյաների, Քառյակ միության Պոլսի ներկայացուցիչների հետ: Այդ շրջանում Պոլսում աշխատում էին նաև Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները: Պոլսի հանդիպումների և շփումների առանցքում սահմանային խնդիրներն էին անդրկովկասյան երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև:

Հայկական մյուս պատվիրակությունը՝ Համո Օհանջանյանն ու Արշակ Զուրաբյանը, դիվանգիատական աշխատանք էին տանում Քառյակ միության պետություններից մեկ այլ մայրաքաղաքում ՝ Բեռլինում:

1918-ի հունիսից մինչև նոյեմբեր ընկած հատվածում երկու անգամ Երևան է այցելել Խալիլ փաշան՝ հայերի մեկ այլ ջարդարար: Առաջին անգամ նա մայրաքաղաք է ժամանել Քառյակ միության Թիֆլիսի ներկայացուցիչների հետ: Խալիլին Երևանում ընդունել է վարչապետ Քաջազնունին, իսկ Մայր Աթոռում՝ Գևորգ 5-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Այս այցի ընթացքում էր, որ հայերը, մասնավորապես ներքգործնախարար Արամ Մանուկյանի շնորհիվ, ով Խալիլին լավ ճանաչում էր Վանից, կարողացան թուրքերից ստանալ ցորեն: Այն օրերին Հայաստանի համար կենսական ապրանքներ՝ հաց ու նավթ ստանալու նպատակով, Պոլսում գտնվող հայկական պատվիրակությունը, որի կազմում էր նաև արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը, դիմում էր Էնվերին ու Թալեաթին, որպեսզի վերջիններս ազդեն Ադրբեջանի վրա: Ադրբեջանը, որպես ճնշման միջոց և Հայաստանից տարածքներ կորզելու եղանակ, Բաքվից նավթ և հաց չէր թողնում դեպի Երևան: 1918-ի օգոստոսին Երևանից Պոլիս հասավ Արտաշես Բաբալյանը, որի առաքելությունն էր թուրքերի միջնորդությամբ Ադրբեջանից հաց և նավթ ստանալու դիվանագիտական աշխատանքը:

Այս շրջանում Օսմանյան կայսրությունը Երևանում բացեց դեսպանություն, որը գտնվում էր այսօրվա Սախարովի հրապարակի՝ ցարական ժամանակներում կառուցված շենքերից մեկում: Դեսպանը Ալի Մեհմեդն էր: Հայաստանն էլ Պոլսում ունեցավ դեսպանություն, իսկ դեսպանը Ֆերդինանդ Թախթաջյանն էր:

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ 1918-ի հունիս-նոյեմբեր ամիսներին, մինչև Քառյակ միության պարտությունը Առաջին աշխարհամարտում, Հայաստանն ու Օսմանյան կայսրությունը եղել են դաշնակիցներ, ճիշտ է՝ պարտադրված դաշնակիցներ: Երբ 1918-ի աշնանը Օսմանյան կայսրությունը իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում, Հայաստանի և Օսմանյան կայսրության հարաբերությունները այլ ընթացք ստացան: Հայաստանի թիվ մեկ դաշնակից դարձավ Մեծ Բրիտանիան:

Այս հոդվածը լույս է տեսել «Հանրային օրակարգ» հասարակական կազմակերպության հրատարակած «Հայացք անցյալից՝ ապագային» գրքում

Exit mobile version